Zark Foundation

Վահան Տերյան

Վահան Տերյան

Բանաստեղծ

9 փետրվար, 1885 - 7 հունվար, 1920

Վահան Տեր-Գրիգորյան
Ծնվել է Ախալքալակի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, սովորել է նաև Ախալքալաքի քաղաքային դպրոցում։ 1897-9922 հաճախել է Թիֆլիսի գիմնազիան՝ մասնակցելով այնտեղ կազմակերպվող գրական-հասարակական միջոցառումներին։ 1899թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3-րդ դասարան։ Այստեղ ուսանելու շրջանում խորացել է հատկապես հումանիտար գիտությունների և լեզուների ուսումնասիրման մեջ, ծանոթացել հայ, ռուս և համաշխարհային գրականության դասական արժեքներին։ Ռուսական առաջին հեղափոխության նախապատրաստման և վերելքի տարիներին ակտիվորեն մասնակցել է ուսանողական հուզումներին ու ցույցերին, հաղորդակից դարձել գիտական սոցիալիզմի գաղափարներին։ Սկիզբ առած դեմոկրատական հեղափոխությամբ ոգևորված՝ 1905-06թթ եկել է Անդրկովկաս, շրջել Շիրակի գյուղերը, զբաղվել պրոպագանդիստական աշխատանքով։ Ճեմարանում մտերմացել է հեղափոխականորեն տրամադրված սովորողների մի խմբի հետ (Ա.Մյասնիկյան, Պ.Մակինցյան, Ց.Խանզադյան, Օ.Օհանջանյան)։ Այստեղ էլ սկսվել են նրա գրական առաջին փորձերը, որոնց մի մասը լույս է տեսել իր իսկ խմբագրած «Հույս» աշակերտական ձեռագիր ամսագրում։ 1906թ. ավարտելով ճեմարանը՝ ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ Նույն թվականից նրա բանաստեղծություններն սկսել են երևալ մամուլի էջերում։ 1908թ. Թիֆլիսում լույս է տեսել բանաստեղծի առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջներ»-ը, որով նա միանգամից դարձավ հայ գրականության ականավոր դեմքերից մեկը։ Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ 1910-12թթ Մոսկվայում հրատարակել է «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախը (միայն երեք հատոր), իսկ 1912թ. հիմնադրել «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը, որը և նույն տարում լույս է ընծայել նրա «Բանաստեղծություններ»-ի առաջին հատորը։ Բացի վերամշակված «Մթնշաղի անուրջներ»-ից այն պարունակում է նաև «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ» շարքերը։ 1913թ., Մոսկվայի համալսարանի լրիվ դասընթացը չավարտած, ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետ, որտեղ Նիկողայոս Մառիղեկավարությամբ խորացել է հայագիտության, արաբերենի, պարսկերենի, վրացերենի ուսումնասիրման մեջ։ 1915-16թթ ակտիվորեն մասնակցել է հայ գրականությունը Ռուսաստանում պրոպագանդելու գործին՝ Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան» և, մանավանդ, Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու» գրքերն ստեղծելու աշխատանքին, ռուսերեն է թարգմանել հայ գրականության մի շարք երկեր (Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Ա.Շիրվանզադեի «Չար ոգի»-ն)։ Նրա գրական ժառանգությունը կազմում է ավելի քան 400 բանաստեղծություն, շուրջ երեք տասնյակ գրական-քննադատական և հրապարակախոսական հոդված, մի քանի հարյուր նամակ (զգալի մասը գրված է ռուսերեն)։ Թարգմանել է նաև Շ.Ռուսթավելու «Ընձենավոր»-ի նախերգանքը, Վ.Բրյուսովի, Հ.Հայնեի, Պ.Վեռլենի, Է.Վերհառնի, Ֆ.Սոլոգուբի, Ա.Ծերեթելու բանաստեղծություններից, Շ.Բոդլերի արձակ պոեմները, Օ.Ուայլդի «Սալոմե» դրաման, Ա.Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակը և այլ գործեր։ Բանաստեղծի ստեղծագործությունը նոր էջ բացեց հայ պոեզիայի պատմության մեջ։ Առաջին արևելահայ բանաստեղծն էր, որը հետևողականորեն կիրառեց և կատարելության հասցրեց բանաստեղծական շարքերի (ցիկլերի) սկզբունքը։ Բացի «Բանաստեղծություններ»-ի առաջին հատորի մեջ մտած շարքերից, նա գրել է նաև «Փշե պսակ», «Երկիր Նաիրի», «Կատվի դրախտ», «Իմ բալիկին» և այլ շարքեր, թեև դրանք չի հասցրել ավարտել։ Նրա երկերի տարբեր հրատարակությունների կազմողներ ստեղծել են նաև այլ շարքեր («Ոսկե շղթա», «Վերջին դաշնակ», «Հոկտեմբերյան երգեր» և այլն)։ Բանաստեղծությունների մի մեծ խումբ էլ (սևագիր և անավարտ) մնացել է շարքերից դուրս։ Նա ասպարեզ բերեց վառ ինքնատիպությամբ օժտված քնարական հերոսի՝ մեծ քաղաքի միջավայրում ապրող և տառապող մարդուն, որի հոգևոր կենսագրությունը, խոհերի ու զգացմունքների աշխարհը շատ կողմերով նորություն էին հայ պոեզիայի պատմության մեջ։ Մինչև վերջ մնալով «մաքուր քնարերգության»՝ արտաքին աշխարհը անհատի հուզական վերապրումների միջոցով ներկայացնելու ոլորտում, նա մեծապես ընդլայնեց բանաստեղծական պատկերի շրջանակները։ Նրա քնարական հերոսի բարդ և հաճախ հակասական ապրումների մեջ արտահայտվեցին 20-րդ դարի սկզբի հասարակական մեծ հեղաբեկումները, խորհող անհատի բարձր մղումներն ու երազանքները, հոգեկան տվայտանքն ու որոնումները, ոգևորության և հուսախաբության պահերը։ Իր ստեղծագործական ուղին սկսել էր հասարակական ակտիվությամբ տոգորված, «մութ բռնության դեմ» մարտնչող և զոհվող հերոսների փառաբանությամբ («Փշե պսակ»), թեև իր առաջին տպագիր ժողովածուի մեջ («Մթնշաղի անուրջներ») նա բացահայտել էր գերազանցապես մենության ձգտող և «մոռացումի անձավում» մի պահ պատսպարվել ցանկացող, բայց առանձնության մեջ էլ անվերջ տառապող անհատի ապրումները, որոնք ի վերջո պայմանավորված էին հեղափոխության տեղատվության և սկիզբ առնող ռեակցիայի ճնշիչ մթնոլորտով։ «Գիշեր և հուշեր» շարքում քնարական հերոսն ավելի է համակվում կյանքի ողբերգական հակասությունների, իդեալի անհասանելիության գիտակցությամբ: Սակայն և՛ այս, և՛ մանավանդ «Ոսկի հեքիաթ» շարքում մռայլ ու լուսավոր տրամադրությունները, «ուրախալի թախծի կամ թախծալի բերկրանքի» մոտիվները հանդես են գալիս միահյուսված։ Հեռավոր, անմարմին իդեալի կողքին երևան են գալիս նաև իրական կյանքի պատկերներ, և քնարական հերոսն իր երազած ցնորք-հեքիաթի իրականացումը փորձում է տեսնել առօրյա աշխարհում («Գարնան քաղաքում», «Կարուսել», «Առավոտ» և այլն)։ Իսկ «Բանաստեղծություններ»-ի առաջին հատորը եզրափակող «Արևածագ», «Վերադարձ» երգերում հեղինակն, ասես, վերադառնում է «Փշե պսակ»-ի մոտիվներին, բայց շատ ավելի բարձր գեղարվեստական և հասարակական հիմքի վրա։ Դուրս գալով «մենության խավար զնդանից», քնարական հերոսը ոչ միայն ողջունում է կյանքի «հեքիաթային առօրյան», հանձնվում է «աղմկահյուս կյանքի խենթ բոցին», այլև ուզում է դառնալ նոր կյանքի և նրա հաղթանակի համար պայքարի կոչող մունետիկ («Զինելու նորից գնդերը ցրիվ... Եվ բորբոքելու զայրույթ ու կռիվ...»)։ Ազատագրական մոտալուտ վերելքի հավատով ներշնչված այս երգերը նախապատրաստեցին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գրած (մեծ մասամբ անավարտ մնացած) բանաստեղծությունները։ Դրանց մեջ բանաստեղծը՝ «ցնծուն ու խենթ, որպես մրրկահավ», ողջունում է «կարմի՜ր, արյունաբորբ ազատության դրոշ»-ը, կոչ է անում իրականացնել «մշտաշող երկրների» երազանքը։ Նրա պոեզիայում նոր մեկնաբանությամբ ներկայացվեցին նաև պոեզիայի «ավանդական» թեմաները՝ սեր, բնություն, մտորումներ աշխարհի և կյանքի մասին։ Սիրո զգացումը նրա պոեզիայում անաղարտ է ու ողջախոհ, զերծ է մարմնական մոտիվներից կամ կենցաղային մանրամասներից։ Այս առումով առանձնանում են «Կատվի դրախտ» շարքի բանաստեղծությունները։ Շատ նորություններ բերեց նաև նրա հայրենասիրական քնարերգությունը։ Դեռևս ստեղծագործության առաջին շրջանում երգած «հայրենական տան» և նրա կորստյան մոտիվները ժամանակի ընթացքում խորացան ու կոնկրետացան, վերածվեցին հայրենասիրական հզոր երգի, որի ամենաբարձր աստիճանը «Երկիր Նաիրի» շարքն է։ Այստեղ որոշակիորեն արտացոլվել են պատերազմի շրջանում հայ ժողովրդի ապրած մղձավանջը և բանաստեղծի հոգեկան տառապանքը։ Եղել է բանաստեղծական ձևերի և արտահայտչական միջոցների մեծ նորարար։ Բացառիկ կատարելության հասցնելով հայկական վանկային ոտանավորի տեսակները՝ նա միաժամանակ ազգային տաղաչափության մեջ սկիզբ դրեց վանկաշեշտային համակարգի զարգացմանը։ Վերջին շրջանի գործերում նա դիմել է նաև համաշեշտ (տոնիկական) ոտանավորի ձևերին։ Բազմազան են նրա կիրառած բանաստեղծական տան կառուցման և հանգավորման տեսակները, որոնց մեջ կան նաև ոտանավորի ավանդական ձևեր (սոնետ, տրիոլետ, գազել)։ Գրողի պոեզիայում մեծապես ուժեղացավ բանաստեղծական հնչյունաբանության նշանակությունը՝ ինչպես բաղաձայն և ձայնավոր հնչյունների կուտակման (բաղաձայնույթ և առձայնույթ), հարուստ հանգերի կիրառման, այնպես էլ լեզվի բացառիկ սահունության ու ներդաշնակության շնորհիվ։ Ճշգրիտ հանգերի կողքին նա սկսեց օգտվել նաև մոտավոր (ասոնանսային) հանգերից, ցույց տալով հայոց լեզվի «հանգային ռեսուրսների» մեծացման ուղին։ Բանաստեղծի լեզուն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելահայ գրական լեզվի ամենաբարձր ու կատարյալ դրսևորումներից է։ Նրա ստեղծագործությունը խոր և անջնջելի հետք է թողել հայ պոեզիայի հետագա ողջ զարգացման մեջ, դարձել նրա առաջընթացի հզոր գործոններից մեկը։ 1917թ. բանաստեղծը մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը, ընտրվել Համառուսական կենտգործկոմի անդամ և աշխատանքի անցել Ազգությունների ժողովրդական կոմիսարիատում՝ վարելով հայկական գործերի բաժինը։ 1917թ. վերջին նա սովետական կառավարությանը զեկուցագիր է ներկայացրել Թուրքահայաստանի մասին։ Այդ խնդրով մի քանի անգամ հանդիպել ու զրուցել է Վ.Լենինի հետ, իսկ 1918թ. սկզբին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին՝ որպես հայկական գործերի խորհրդական։ Գրել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ («Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին», «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» և այլն), թարգմանել է Վ.Լենինի «Պետություն և հեղափոխություն», «Կարլ Մարքս» աշխատությունները։ 1919թ. աշնանը սաստկացող հիվանդության (թոքախտ) պատճառով, ինչպես նաև Արտաքին գործերի ժողկոմատի կարևոր հանձնարարությամբ մեկնել է Միջին Ասիա։ Սակայն ուղևորության դժվարին պայմաններն ավելի են քայքայել նրա առողջությունը, և նա Օրենբուրգում մահացել է։ 1970թ. այնտեղից հող է բերվել և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Երևանում գործում է «Տերյան մշակութային կենտրոնը»: 2005թ. հրատարակվել է Տերյանի բանաստեղծությունների «Ընտրանին», իսկ 2010թ.` «Տերյան. հանրագիտարան»-ը: Երևանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Վահան Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: