Ծնվել է ՀՀ Դարալագյազ գյուղում (այժմ` ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղ): 1901-05թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աչքի է ընկել գեղեցիկ ձայնով ու երաժշտական փայլուն ընդունակություններով, եղել Կոմիտասի գնահատած մեներգիչը, 1905թ-ից մասնակցել նրա երգչախմբերի համերգներին Թիֆլիսում, Երևանում, Բաքվում: 1908թ. աշխատել է Գևորգյան ճեմարանում` որպես դասատու: 1909թ. տեղափոխվել է Պետերբուրգ, սովորել կոնսերվատորիայում և համալսարանում, երգել Մարիինյան թատրոնի խմբում և տեղի հայկական եկեղեցու երգչախմբում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից զորակոչվել է ռազմաճակատ, պարգևատրվել ռազմական շքանշաններով ու պատվո զենքերով: 1917թ. փոխադրվել է Թիֆլիսի 2-րդ հայկական հրաձիգ բրիգադ, 1918թ-ից ծառայել է Հայաստանում, մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, եղել Կարսի ամրոցի շտաբի պետ մինչև 1920թ., երբ Կարսի անկումից հետո, որպես բանագնաց թուրք, շտաբ ուղարկված` գերվել է և հետագայում ազատվել: 1921թ-ից բնակվել է Թիֆլիսում, դասավանդել, աշխատել խմբագրություններում, եռանդուն մասնակցել Հայարտան աշխատանքներին, Թիֆլիսում, Երևանում և Լենինականում (այժմ՝ Գյումրի) հանդես եկել համերգներով, հատկապես` Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, ինչպես և Սայաթ-Նովայի երգերի կատարումներով: 1927թ. Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի հետ մեծ հաջողությամբ մեներգել է Մոսկվայում կայացած համերգներին, 1928թ. սովետական արտիստների խմբում Մ․Օգանեզաշվիլու հետ հանդես է եկել Մայնի Ֆրանկֆուրտում կայացած միջազգային երաժշտական ցուցահանդեսին: Թարգմանել է Լ.Տոլստոյի «Աննա Կարենինա», Ց.Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», Դ.Ֆուրմանովի «Խռովություն» և այլ ստեղծագործություններ: Այս տարիներին գրել և հրատարակել է գրական ստեղծագործությունների մի ամբողջ շարք` «Դեպի նոր կյանք», «Կարմիր դրոշ», «Նեռի ծնունդը», «Անմահ կայծ», «Կաթնաղբյուր»: Հեղինակել է «Քյոռ Օղլի» օպերայի լիբրետոն: Թողել է արժեքավոր հուշեր Կոմիտասի մասին` «Անհիշաչար մարդը», «Կոմիտաս» (1931թ.): Կոմիտասի ողբերգական վախճանից մեկ տարի անց` 1936թ. Թիֆլիսում ձերբակալվել է և աքսորվել Կոմիի ինքնավար հանրապետություն, որտեղ էլ մահացել է: Միայն 1960թ. երգչի հարազատներին հաջողվել է նրա աճյունը տեղափոխել Հայաստան: