Ծնվել է Երևանում: Ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում, որտեղ կազմակերպել է հնագիտական-հետախուզական անձնագրավորող արշավախմբեր Հայաստանի, Արցախի, Ջավախքի տարածքներում: 1988թ. արցախյան շարժման սկզբին մեկնել է Արցախ հիդրոերկրաբանական և անձավագիտական արշավախմբի կազմում որպես հնագետ: Եղել է ՀՀ ԳԱԱ աշխարհագրական ընկերության անձավագիտական արշավախմբի պետը: 1989թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է շուրջ 20 փաստավավերագրական ֆիլմեր, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ: Առաջին անգամ տպագրվել է 1968թ.: Նրա պատմվածքները, վիպակները, հոդվածները, թարգմանությունները տպագրվել են հանրապետության պարբերական և գրական մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Լիտերատուրնայա Արմենիա»): Հեղինակել է 3 պիես, թարգմանել է նաև պիեսներ, որոնք բեմադրվել են Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների թատրոններում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, լիտվերեն: Հրատարակվել են նրա «Երգ սիրո» (1972թ.), «Փնտրողների արշավանքը» (1980թ.), «Արքայադրամ» (1995թ.), «Լուսնի հեքիաթները» (1999թ.), «Թացուչորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» (2004թ.) գրքերը: 1995թ. «Արքայադրամ» վեպը Կանադայում արժանացել է Համազգային հայ կրթամշակութային միության մրցանակին: Մահացել է Երևանում: