Վահան Քոչարյան
Ծնվել է Երևանում: Եղել է լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի որդին: 1965թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան միջնակարգ հանրակրթական և Հ.Կոջոյանի անվան նկարչական դպրոցները, 1969թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը: Մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ, 1970թ.՝ ազատ նկարիչ: Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությանը և այլ ընկերությունների: 1977թ. աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում (այժմ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչություն) որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի: 1980թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: Լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1962թ., 1964թ., 1973թ.), Բեյրութում (1965թ.), Մոսկվայում (1966թ.), Սալոնիկում (1996թ., միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999թ., «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի), ինչպես նաև խմբակային ցուցահանդեսներ՝ Ռիգայում (1983թ.), Զապորոժիեում (1986թ.), Դնեպրոպետրովսկում (1988թ.), Երևանում (1995թ.), Բոխումում (1995թ.), Մոսկվայում (1995թ.): 2007թ. լույս է տեսել լուսանկարչի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ, որոնցից 180-ի անունները հայտնաբերվել են տարբեր լուսանկարչական կնիքների վրայից: 1998թ. «Թանգարան» գրքի համար Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի: 2002թ. Ռազմիկ Դավոյանի «Ոգեղեն հաց» գրքի համար արժանացել է հայ գրահրատարակիչների մրցանակի: 2016թ. արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: