Ծնվել է 1980թ. նոյեմբերի 18-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: 1999-2001թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: 2004թ. գերազանցությամբ ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2007թ.` ասպիրանտուրան: 2001-04թթ աշխատել է Եվրասիա-Մեդիա լրատվամիջոցների ուսումնասիրության փորձագիտական կենտրոնում` որպես տեղեկատվական կենտրոնի ղեկավար: Այս ժամանակահատվածում տպագրվել է ռուսական դաշնային պարբերականներում` հիմնականում լրագրության արդիական խնդիրների վերլուծությամբ, իսկ հայկական թերթերում հանդես է եկել Ռուսաստանի հայ համայնքին վերաբերող լրատվական նյութերով: 2004թ-ից համագործակցում է «Շանթ» հեռուստաընկերության հետ: Համատեղ ջանքերով Մոսկվայում կանոնավոր սկսել է գործել հեռուստաընկերության թղթակցական կետը, 2009թ-ից «Շանթ»-ի մոսկովյան ներկայացուցչությունը գործում է որպես լիիրավ բաժանմունք: 2007թ. հիմնել է «Որակ-Մեդիա» ընկերությունը, որի գործունեության հիմնական ուղղությունը մեդիա կոնտենտի արտադրությունն է: 2008-10թթ ղեկավարել է Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայությունը: Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (IFJ) և Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ է: