Zark Foundation

Վահե Արսեն

Վահե Արսեն

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահե Արսենյան
Ծնվել է 1978թ. նոյեմբերի 3-ին, Երևանում: Թարգմանիչ, արձակագիր Արամ Արսենյանի որդին է: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժինը, 2001թ.՝ ասպիրանտուրան: 2004թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2004թ-ից աշխատում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնում (դոցենտ): Հեղինակել է 30-ից ավելի գիտական հոդվածներ, 2 մեթոդական ձեռնարկ և 1 մենագրություն: Հայաստանում հրատարակվել են նրա «Թռչող հեծանիվ» (2003թ.), «Կանաչ աստվածների վերադարձը» (2007թ.) ժողովածուները: 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, հոլանդերեն, եբրայերեն, գալերեն, իսպաներեն, ռուսերեն, ռումիներեն, վրացերեն, տաջիկերեն և այլ լեզուներով և պարբերաբար տպագրվել արտասահմանյան տպագիր մամուլում և ինտերնետային հեղինակավոր մշակութային կայքերում: 2002թ. արժանացել է «Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթի հաղթողի կոչման: 2006թ. ճանաչվել է միջազգային ՓԷՆ (PEN) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող: Նույն թվականին արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2008թ. Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակի: 2011թ. նրա բանաստեղծությունները թարգմանվել և լույս են ընծայվել ռուսերեն առանձին գրքով՝ «Маршрут.«Солнечный Экспрес» վերտառությամբ (թարգմ. Կարինե Խալատովա): Կատարել է նաև գեղարվեստական թարգմանություններ անգլերենից: 2009թ. նրա թարգմանությամբ լույս է տեսել «Խաղը՝ արդի սլովակյան գրականություն» ժողովածուն, 2015թ.՝ Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպը: 2010թ. նրա «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է հոլանդերեն և հրատարակվել Հոլանդիայում (թարգմ. Աննա Մարիա Մատտաար), որի համար արժանացել է հոլանդական «Jambe-2010» ամենամյա պոետական մրցանակին: 2014թ. հիմնադրել է «Մշակութային այլընտրանք» հասարակական կազմակերպությունը և «ԱյլԱրտ» գրական ակումբը: 2015թ-ից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիրն է: Մասնակցել է մի շարք գրական միջազգային փառատոների Լեհաստանում, Հոլանդիայում, Գերմանիայում, Հայաստանում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում: 2016թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից հայտարարված լավագույն գրական ստեղծագործության մրցանակաբաշխության մրցանակին՝ «Պոեզիա» անվանակարգում: