Ծնվել է 1969թ. հունվարի 5-ին, Երևանում: 1976-84թթ սովորել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցում, զուգահեռ՝ Երևանի Հ.Դանիելյանի անվան թիվ 9 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1984-88թթ՝ Երևանի Երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժնում, 1988-93թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում: Կոմպոզիցիային զուգահեռ սովորել է նաև օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժնում՝ Յուրի Դավթյանի դասարանում: 1984-88թթ Կանազի մշակույթի պալատում ստեղծել և ղեկավարել է իր առաջին խումբը՝ վոկալ-գործիքային անսամբլ: Նույն տարիներին, որպես բաս-կիթառահար, ելույթներ է ունեցել Մերգելյան ինստիտուտի ջազային ակումբի «Կամերտոն» երիտասարդական ջազ-քառյակի կազմում: 1991-92թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում որպես դասական երաժշտության խմբագիր: 1993-96թթ բնակվել է Սանկտ Պետերբուրգում, ուր աշխատել է որպես Հայ առաքելական եկեղեցու երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար: Նույն տարիներին եկեղեցուն կից ստեղծել և ղեկավարել է «Հայեցի ձայներ» մանկական երգչախումբը: 1994-95թթ աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Օկոշկի» թատրոնում, 1995-96թթ՝ «Կարամբոլ» ակումբում՝ որպես երաժիշտ-դաշնակահար: 1996թ. վոկալ-գործիքային խմբի կազմում մասնակցել է Բելոռուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող «Սլավյանսկի Բազար» ամենամյա փառատոնին, որպես երաժիշտ-դաշնակահար: 1997-2010թթ եղել է Երևանի պետական կամերային թատրոնի երաժշտական ղեկավարը: Թատրոնում աշխատելու տարիներին գրել է երաժշտություն հետևյալ ներկայացումների համար՝ «Նազար-Նազար մինչև վերջ», «Ի զեն», «Ալբանիա պլյուս», «Շատ Love Story», «Ներոն», «Արմագեդոն», «Կախարդական պարահանդես», «Հոբելյանական հաճախորդ», «Գանձերի կղզին», «Միսս դժոխք», «Սասունցի Դավիթ Կոպպերֆիլդ», «Սոնատ թավջութակի համար»: 1999թ. գրել է երաժշտություն «Արմենիկում U.P.S.A.», 2003թ.՝ «Համլետ» տեսաֆիլմերի համար: 2003-16թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական ծրագրավար և երաժշտական խմբագիրը: 2004-05թթ հանդիսացել է «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարության երաժշտական պատասխանատուն և գործիքավորողը, 2007-08թթ Մոսկվայում՝ «Երևանի օրեր» և «Ոսկե Նուռ» փառատոների երաժշտական ղեկավարն ու պատասխանատուն, 2007-08թթ՝ «Արմեն-Ակոբ» մշակութային կենտրոնի քառաձայն երգչախմբի խմբավարը: 2005թ. Կանադայում լույս է տեսել նրա երգերի առաջին ձայնասկավառակը՝ «Քո երգը» անվանումով: Հայաստանի հանրային ռադիոյով վարել է «Կատակում են երաժիշտները», «Հազար ու մեկ օպերա», «Մի գործիքի պատմություն», «Մի խմբի պատմություն», «Պատմության ակնթարթներ» հեղինակային ծրագրերը: 2011թ. հանդիսացել է Հանրային ռադիոյի 85-րդ և Հանրային հեռուստատեսության 55-րդ տարեդարձերի գալա-համերգի երաժշտական պրոդյուսերն ու գործիքավորողը: 2012-18թթ հանդիսացել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2014թ-ից հանդիասանում է Հայաստանի հանրային ռադիոյի «15 րոպեն քիչ է» հեղինակային ծրագրի գլխավոր խմբագիրը: Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, թատերական ստեղծագործություններ և երգեր՝ «Սիմֆոնիկ պատկեր» (1993թ.), «Լարային կվարտետ» (1992թ.), «Երաժշտություն փայտյա փողայինների համար» (1994թ.), երկու երգչախմբային ստեղծագործություն (1997թ., 2001թ.), «Ցայգալույս» (2003թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (անավարտ) օպերաները, «Չարի վերջը» (մանկական մյուզիքլ, ձայնասկավառակ, 2006թ.), «Քո երգը» (ձայնասկավառակ, 2005թ.), «Երեք խոզուկների նոր արկածները» (մանկական մյուզիքլ, 2014թ.), «Հայելի» (մյուզիքլ, 2008թ.), «Կոշկավոր Կատուն» (մանկական օպերետ, 2015թ.), «Հայը և իր հայրենիքը», «Հայոց այբուբենը» (2008-09թթ) մանկական երգերի ժողովածուները, 60-ից ավելի էստրադային ժանրի երգեր, երաժշտություն 38 թատերական ներկայացումների համար: Հեղինակել է «Էսկորիալ» (2012թ.), Ի.Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» (2013թ.), Ա.Բլոկի «Բալագանչիկ» (2013թ.), Վ.Ստեփանյանի «Գազանանոց Մադագասկար» (2014թ.), «Ճպուռիկներն ու մրջյունները» (2015թ.), «Ճպուռիկի արկածները» (2016թ.), «Ճանճիկը» (2017թ.), «Երեք խոզուկների նոր արկածները» (2014թ.), Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (2015թ.), Ի.Գորյունովայի «Մաթիուսն ու Մաթիլդան» (2015թ.), Բ.Կանաչյանի «Աբեղա» (օպերա, 2015թ.), Ա.Պանտիկինի և Ե.Խոդիրևայի «Կրիսպի մկնիկը» (2016թ.), Ա.Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը» (2016թ.), Ա.Ղազարյանի «Կարոտել եմ» (2017թ.) բեմականացումների երաժշտությունները: 2017թ. հիմնել է «HI MUSIC Band» ակապելլա վոկալ-սեքստետը: 2014թ-ից Հայաստանի թատերական գործիչների, 2015թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միությունների անդամ է: Արժանացել է մի շարք պատվոգրերի, 2003թ., 2008թ., 2014թ. և 2017թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, որպես տարվա լավագույն թատերական երաժշտության հեղինակ, 2017թ.՝ Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման: