Zark Foundation

Վահրամ Գայֆեճյան

Վահրամ Գայֆեճյան

Գեղանկարիչ

14 ապրիլ, 1879 - 30 նոյեմբեր, 1960

Ծնվել է Ախալցխայում: 1892-1901թթ սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-10թթ` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-07թթ, ղեկավար` Մ.Իվանով, Կ.Կորովին): 1912-23թթ բնակվել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել Թիֆլիսի Հայ արվեստագետների միության ցուցահանդեսներին: Աշխատել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), որտեղ 1924-29թթ եղել է տնօրենը, 1929-55թթ` դասատու: Եղել է հայ սովետական կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ, ով ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարեսկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները: Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից: Հայաստանի ազգային պատկերասրահում են գտնվում նկարչի շատ գործեր, այդ թվում` «Արևելյան հեքիաթ» (1907թ.), «Սրճարան» (1914թ.), «Եղրևանի» (1917թ.), «Ինքնանկար» (1921թ.), «Փողոցը գիշերով» (1929թ.), «Երևանյան տեսարան» (1944թ.), «Ախթալա» (1957թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ախալցխայում (1922թ.), Երևանում (1941թ., 1954թ., 1961թ., 1972թ.), Տալլինում (1972թ.): 1954թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: