Zark Foundation

Վահրամ Թերզիբաշյան

Վահրամ Թերզիբաշյան

Թատերագետ, գրականագետ

6 հունվար, 1898 - 16 մայիս, 1964

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սովորել է Վանի Երամյան վարժարանում: 1916թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1927-30թթ աշխատել է «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս) թերթերի և «Նոր ուղի» (Երևան) հանդեսի խմբագրություններում: 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1946-49թթ հայ թատրոնի պատմություն է դասավանդել Երևանի թատերական ինստիտուտում: 1945թ. «Շեքսպիրը հայերեն» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1950թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Հինգ տարի անցկացրել է աքսորավայրում, ապա վերադարձել Երևան: 1962թ. «Հայ դրամատուրգիայի պատմություն» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1958-64թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: Հրատարակվել են նրա «Գիր ու արվեստ» (1926թ.), «Պուշկինը հայ գրականության մեջ» (1937թ.), «Էլ Վահիդի վերջին արկածը» (պատմվածք, 1938թ.), «Արազի» (1940թ.), «Գեներալ-լեյտենանտ Վ.Գ.Մադաթով» (1942թ.), «Մեր քաջ նախնիները» (1943թ.), «Սովետական Միության հերոս գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյան» (1944թ.), «Շեքսպիրը հայերեն» (1956թ.), «Հայ դրամատուրգիայի պատմություն» (2 գիրք, 1959թ., 1964թ.), «Ժասմեն» (1959թ.), «Պետրոս Դուրյան» (1959թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Բ.Իլլեշի «Տիսան բոցերի մեջ» (1931թ.), Վ.Ռոկկի «Ինժեներ Սերգեն» (պիես, 1942թ.) երկերը: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: