Ծնվել է 1955թ. նոյեմբերի 29-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1987թ.` նույն բաժնի ասպիրանտուրան` Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: 1980թ. Մոսկվայում կայացած կոմպոզիտորների միջազգային մրցույթում նրա «Դաշնամուրի սոնատը» արժանացել է առաջին մրցանակին: 1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է «Պրակտիկա» հրատարակչությունում` որպես երաժշտական բաժնի վարիչ: Հանդիսացել է «The Grove Concise Dictionary of Music» երաժշտական բառարանի ռուսերեն հրատարակման գաղափարի հեղինակն ու իրականացման նախաձեռնողներից մեկը: 2003-07թթ աշխատել է Մոսկվայի «Մուզիկա» պետական հրատարակչությունում` որպես փոխտնօրեն: 2004թ. Մոսկվայի Ա.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում կազմակերպել է կորպորատիվ երաժշտական երեկո` մի շարք անվանի երաժիշտների, այդ թվում` Դենիս Մացուևի և Բորիս Բրովցինի մասնակցությամբ: Համագործակցել է երաժիշտ Յուրի Բաշմետի հետ, ինչի արդյունքում 2007թ. Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա «Ընծա և աղերս» ստեղծագործության պրեմիերան` «Մոսկվայի սոլիստներ» նվագախմբի և Յ.Բաշմետի կատարմամբ: Ռուսաստանի կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի անդամ է: Նրա ստեղծագործությունները կատարվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և նախկին Խորհրդային Միության երկրներում: Հեղինակել է կամերային, սիմֆոնիկ երաժշտություններ, գրել է նաև երաժշտություն ֆիլմերի և թատերական ներկայացումների համար: