Ծնվել է Թիֆլիսում: 1925-27թթ սովորել է Թբիլիսիի Հայարտան գեղարվեստի ստուդիայում: Ավարտել է նաև նկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ղեկավարած գեղարվեստի դպրոցը: 1936-56թթ աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի և դրամատիկական հայկական թատրոններում, եղել է տեղի հայկական պետական թատրոնի տնօրենը, միաժամանակ նաև գեղարվեստական խորհրդի նախագահն ու բեմադրող-նկարիչը: 1970թ. տեղափոխվել է Երևան: Նկարչի ստեղծագործության թեման եղել է հին Թիֆլիսը («Թատերական Թբիլիսի», 1976թ., «Հավլաբարի հրապարակը», 1978թ.): Կտավները գործածել է իբրև բեմադրավայր, թիֆլիսյան կյանքն ասես բեմականացված է, հին քաղաքի մթնոլորտը արտահայտված է շարժուձևերի, կեցվածքի, դիմախաղի մեջ: Այս բազմասյուժե ներկայացման գունայնության միջավայրում կենսախինդ պատկերված է առօրյան՝ քաղաքի մարդկանց՝ կինտոների ու դուքանչիների, զուռնաչիների ու հարսանքավորների մասնակցությամբ: Մնայուն է պահել նաև հին Թիֆլիսի ճարտարապետական նկարագիրը՝ նեղ ու ծուռ փողոցների, կղմինդրե շենքերի զարդանախշ պատերի, ճաղաշար պատշգամբների, զիգզագաձև քիվերի ու աստիճանավանդակների պատկերներով: Ձևավորել է ներկայացումներ (Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1939թ., Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոն): Տպագրել է «Ձոներգ հին Թբիլիսիին» ալբոմը («Խելովնեբա», Վրաստան, «Սովետական գրող», Հայաստան): 1991թ. լույս է տեսել «Վաղարշակ Էլիբեկյան» ալբոմը («Կերպարվեստ», Մոսկվա): Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային պատկերասրահում (Թբիլիսի), Մոսկվայի և Բաքվի պատկերասրահներում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1976թ.), Թբիլիսիում (1977թ.), Լոնդոնում (1985թ.), Լոս Անջելեսում (1986թ.)։ 1974թ-ից եղել է հանրապետական նշանակության պատվավոր թոշակառու: 1968թ. արժանացել է Վրաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: