Վաղարշակ Երիցյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունիկ գավառի Շենիկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Շենիկի և Իշխանաձորի դպրոցներում։ Հայոց ցեղասպանությունից (1915թ.) հետո՝ ապաստանել է Անդրկովկասի տարբեր որբանոցներում։ Սովորել է Թիֆլիսի հայկական գիմնազիայում և Ներսիսյան դպրոցում։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917թ., Թիֆլիսի «Հայաստան» թերթում։ Իսկ առաջին ժողովածուն՝ «Օրերի ճամփին», լույս է տեսել 1925թ. և արժանացել Հայաստանի լուսժողկոմատի գրական մրցանակին։ Մասնակցել է Եղիշե Չարենցի ղեկավարած «Նոյեմբեր» գրական միության ստեղծման աշխատանքներին: Այդ միության մատենաշարով և Ե.Չարենցի խմբագրությամբ 1926թ. լույս է տեսել նրա «Իրիկուն (կենցաղապոեմ)» գիրքը։ Այս և հաջորդ ժողովածուներում՝ «Երկրորդ գիրք» (1930թ.), «Լիրիքական ֆրոնտ» (1932թ.), «Բանաստեղծություններ» (1936թ.), իշխում են երկրի վերակառուցման ու նոր մարդու հոգեբանության մոտիվները։ Փորձել է գրականություն բերել նոր կյանքին բնորոշ տրամադրություններ ու պատկերներ։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: 17 տարի անցկացրել է աքսորավայրում, 1954թ. արդարացվել է և վերադարձել Երևան: «Գիրք քնարական» (1954թ.), «Ճանապարհներ» (1956թ.), «Իմ աշխարհը» (1958թ.), «Դարերի ավանդ» (1968թ.) և այլ գրքերում լայնացել է բանաստեղծի թեմատիկան։ Վահրամ Ալազանի հետ կազմել ու խմբագրել է արևմտահայ մի քանի գրողների երկերի ժողովածուներ («Արևմտահայ բանաստեղծներ», 1930թ., Մ.Մեծարենց, «Երկերի լիակատար ժողովածու», 1934թ., Ա.Չոպանյան, «Երկեր», 1966թ., Պ.Դուրյան «Տաղեր», 1967թ. և այլն), կազմել է Սովետական Հայաստանի հասարակական-քաղաքական մշակութային կյանքի տարեգրությունը («Տասներկու տարի», 1933թ.)։ Հայ գրականության անցած ուղու մասին ուշագրավ փաստեր է պարունակում գրողի «Հուշեր և արձագանքներ» (1968թ.) հուշագրությունը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: