Վաղինակ Գրիգորյան
Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: Եղել է դերասանուհի Էլեոնորա Սուքիասյանի ամուսինը: Յոթնամյա կրթություն ստանալուց հետո, ընդունվել է Երևանի մանկավարժական տեխնիկում, որն ավարտել է 1928թ.: 1928-30թթ եղել է Ա.Խարազյանի շրջիկ թատրոնի դերասան: 1930թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1936-40թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Թատրոնում խաղացել է ավելի քան 200 դեր: Մարմնավորել է արտահայտիչ և գունեղ բնութագրական կերպարներ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Դ.Դեմիրճյանի «Ֆոսֆորային շող» (Անտոնով), «Նապոլեոն Կորկոտյան» (Ծառուկյան), «Երկիր հայրենի» (Տրդատ ճարտարապետ), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Ասլան ամի), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Տանուտեր Սիմոն), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա), «Պաղտասար աղբար» (Երկաթ), Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (Պերչատկին), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Կարանդիշև), Վ.Կիրշոնի «Հրաշալի ձուլվածք» (Գոշա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլոպով), Մ.Գորկու «Հատակում» (Կլեշչ), «Դոստիգաևը և ուրիշները» (Բորոդատի), «Եգոր Բուլըչով» (Փողհար Գավրիլո), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Ֆիրս), Մոլիերի «Քաղքենին ազնվական» (Դորանտ), Լ.դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (Ջուլիո), Ա.Կասսոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Բալբոա), Վ.Փափազյանի «Ժայռ» (Բաղդասար ամի), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Գասպար) և այլն: Խաղացել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Դավիթ Բեկ» (1943թ.), «Անահիտ» (1947թ.), «Ոսկե ցլիկը» (1955թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Մսյո Ժակ» (1964թ.), «Քաոս» (1973թ.), «Հույսի աստղ» (1978թ.), «Խոշոր շահում» (1980թ.) և այլն: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1978թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում, թաղված է Աշտարակում: