Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1935-41թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, որից անմիջապես հետո աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասան: Առաջին գլխավոր դերը կատարել է 1941թ., Շ.Գունոյի «Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Արմեն, 1947թ.), «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Երջանկություն», Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Դավիթ, 1953թ.), «Ալմաստ», Է.Հովհաննիսյանի «Մարմար» (Բակուր, 1958թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» և այլն: 1941-69թթ եղել է Երևանի օպերային թատրոնի գրեթե բոլոր բեմադրությունների պարային հատվածների կամ գլխավոր կատարողը, կամ բեմադրիչը: 1968-92թթ հանդիստացել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստրը, որի ընթացքում բեմադրել է բազմաթիվ պարային համարներ` Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանները», Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Ա.Գլազունովի «Ռայմոնդա», Պ.Չայկովսկու «Կարապի լիճը», Կոմիտասի «Վաղարշապատի պար», Ա.Սպենդիարյանի «Էնզելի», «Խանդութ», Խ.Ավետիսյանի «Քարավան», Կ.Օրբելյանի «Անմահություն», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն: 1962թ-ից հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2000թ-ից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009թ-ից կրում է իր անունը: 2004թ. ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ 2010թ.` «Բարդիներ» պարախումբը: 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: Մահացել է Երևանում: