Աղվան Հունանյան
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1958թ. ավարտել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գունանկարի բաժին: 1966-71թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գունանկարի բաժնում: 1976թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Առաջին անգամ մասնակցել է հանրապետական երիտասարդական ցուցահանդեսին «Անի» կտավով, այնուհետև մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների: Հեղինակել է բազմաթիվ գրաֆիկական գործեր: 1987թ. Անգլիայի Ռոյ-Մելսի պատկերասրահը գնել է նկարչի «Հիշողություններ» կտավը: Մոսկվայում է գտնվում «Մուսալեռ», «Անիական» գրաֆիկական աշխատանքները: 2001թ. Հունգարիայում ցուցադրվել է հեղինակի «Նարեկացի» գրաֆիկական աշխատանքը: Դասավանդել է, աշխատել է «Հայ Գրքի» վարչությունում՝ որպես ձևավորող-նկարիչ և շախմատի դպրոցում՝ որպես նկարիչ: Գործերից պահվում են Հայաստանի ազգային, Վանաձորի, Աբովյանի («Ուխտավորներ»), Գյումրիի («Ընտանիք»), Ջերմուկի և այլ պատկերասրահներում, Լոս Անջելեսում («Պիկնիկ», «Արձագանք», «Կոմպոզիցիա»), Ֆրանսիայում, Իտալիայում, Հունգարիայում և անձնական հավաքածուներում: Մահացել է Երևանում: