Zark Foundation

Վաչե Նալբանդյան

Վաչե Նալբանդյան

Գրականագետ

25 փետրվար, 1919 - 28 փետրվար, 1998

Ծնվել է ՀՀ Նոր Բայազետ քաղաքում (այժմ` Գավառ): 1936թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1941թ.՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1948թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948-50թթ եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղարը, 1950-52թթ՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչը։ 1952-53թթ եղել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենը, 1953-56թթ՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչը, 1956-65թթ՝ Երևանի համալսարանի պրոռեկտորը, 1965-77թթ՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը, 1978-98թթ՝ ՀՀ ԳԱԱ հիմնակազմ գրադարանի տնօրենը։ Նրա աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան գրականության պատմությանը՝ «Վարդանանց պատերազմը և Դ.Դեմիրճյանի «Վարդանանքը» (1955թ.), «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» (1958թ., հայերեն, ռուսերեն, վրացերեն), «Եղիշե» (1959թ.), «Սայաթ-Նովա» (1987թ.), «Գրիգոր Նարեկացի» (1990թ.) և այլն։ Սովետահայ պատմավիպագրությանն է նվիրված նրա «Գրողը և պատմությունը» (1970թ.) աշխատությունը։ Ռուսերեն հրատարակվել է նրա «Եղիշե» (1972թ.) մենագրությունը, համահեղինակ է «Հայ գրականություն» (1976թ., ռուսերեն) բուհական դասագրքի։ Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմություն» ակադեմիական հրատարակության 4-րդ (1972թ.) և 5-րդ (1979թ.) հատորների խմբագրման աշխատանքներին։ Եղել է ՀԽՍՀ 4-7-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր, 1959-67թթ՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալը։ 1947թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում (1969թ-ից՝ պրոֆեսոր): 1966թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1971թ-ից՝ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1994թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1982թ. արժանացել է ՀՀ ԳԱ վաստակագրի, 1990թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: