Ծնվել է ՀՀ Գառնհովիտ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1961թ. ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը։ 1965-70թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժնում։ 1971-72թթ աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժնում, 1972-91թթ՝ Հայկական Հանրագիտարանի խմբագրությունում, սկզբում որպես գիտական խմբագիր, 1979թ-ից` ավագ գիտական խմբագիր։ Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1967թ., «Գարուն» ամսագրում։ Գրողի մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, սլովակերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։ 1991-94թթ եղել է «Հայաստան» հրատարակչության, 1995-99թթ՝ «Պայքար» ամսագրի, 2003-08թթ` ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիրը: Հրատարակվել են նրա «Օրերի սերը» (1978թ.), «Անհասցե նամակներ» (1983թ.), «Կաթիլներ ապակու վրա» (1988թ.), «Ներսիկի թութակը» (մանկական, 1991թ.), «Ծանր խաչ» (1996թ.), «Կյանքին դեմառդեմ» (2002թ.), «Մինչև վերջին անձրևը» (ընտրանի, 2007թ.), «Կասկածի ջրերի վրա» (2009թ.), «Կարուսել» (մանկական, 2010թ.) բանաստեղծությունների ժողովածուները: 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերենից թարգմանել է «Մարդկանց վաճառք» (2004թ.), «Կրալի Մարկո» (բուլղարական էպոս, 2010թ.) և այլ երկեր: 1992թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի («Ներսիկի թութակը» մանկական ժողովածուի համար), իսկ 1997թ.` «Թեքեյան» մշակութային միության գրական մրցանակի («Ծանր խաչ» ժողովածուի համար), 2007թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ Մահացել է Երևանում: