Ծնվել է Թիֆլիսում` ազնվականի ընտանիքում: Ավարտելով Թիֆլիսի և Մոսկվայի ռեալական վարժարանները` ինժեներական կրթություն է ստացել Պետերբուրգի քաղաքացիական շինարարության ինստիտուտում: 1892թ. ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի բերումով գործուղվել է Ֆինլանդիա: Մեկ տարի անց` 1893թ. բնակություն է հաստատել Երևանում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո նշանակվել է քաղաքային գործկոմի կոմունալ տնտեսության գլխավոր ինժեներ: Ստեղծել է «Հայկական տնտեսական ընկերությունը»: 1923թ-ից մինչև կյանքի վերջն աշխատել է որպես ներքին գործերի ժողկոմիսարիատի գլխավոր ինժեներ: 28 տարի շարունակ պաշտոնավարել է նահանգային վարչությունում, ուր միակ հայ բարձրաստիճան մասնագետն էր: Առաջին նախագիծը Երևանում կառուցված Նիկոլաևյան եկեղեցին էր (գտնվել է Շահումյան հրապարակի տարածքում): Սակայն սկսված աշխատանքներն անհայտ պատճառներով ավարտել է ճարտարապետ Կիտկինը: 1900թ. պարսից շահի Երևան այցելության առիթով Միրզոյանին էր հանձնարարվել վերանորոգել ճանապարհները և տներ նախապատրաստել հյուրընկալության համար: Այդ աշխատանքները գերազանց կատարելու համար շահը ճարտարապետին պարգևատրել է «Առյուծ և Աստղ» շքանշանով: Հասարակական շենքեր ու առանձնատներ նախագծելիս համադրել է ռուսական կլասիցիզմը և հայկական ճարտարապետության ավանդույթները: Նրա ղեկավարությամբ վերակառուցվել և տեխնիկայով է հագեցվել Երևանում առաջին պրոֆեսիոնալ թատրոնի շենքը` Ջանփոլադյանի թատրոնը: Իբրև քաղաքաշինարար` մեծ տեղ է հատկացրել քաղաքի կանաչապատմանը: Նրա նախագծմամբ է վերակառուցվել Երևանի առաջին զբոսայգին (այժմ` Անգլիական զբոսայգի): Առավել հայտնի է դարձել Երևանի խմելու ջրով ապահովող խողովակաշարի և Երևանի առաջին ձիաքարշի գծի շինարարությամբ: 1901թ. ինժեներ-մեխանիկ Արշակ Բաբայանը Երևանի քաղաքային վարչությանը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկել է կառուցել ջրմուղ և ձիաքարշ: Նախատեսվել է այդ աշխատանքներն իրականացնել միառժամանակ, որպեսզի փողոցը երկու անգամ չփորվեր: Այնուամենայնիվ, նախագիծը իրականացնել չհաջողվեց ֆինանսական խնդիրների պատճառով: Ջրագծի անցկացումը հետաձգվեց, իսկ Արշակ Բաբայանը հրաժարվեց աշխատանքներն ավարտին հասցնել: Դրանից երեք տարի անց իրավական տեսանկյունից գործն իր ձեռքն առավ Միրզոյանի կինը` Մարիան, ում ներկայացուցիչն էր ինժեներ Վասիլի Միրզոյանը: Այսպիսով, վերջինս ձեռնամուխ է եղել Երևանի առաջին ձիաքարշի գծի շինարարությանը: Հետագայում պարզվեց, որ այն նախատեսված էր ընդամեկը 14 տարվա համար. գործել է 1904-18թթ: 1903թ. զբաղեցրել է գավառական ճարտարապետի պաշտոնը և դիմել է քաղաքի մեծահարուստներին` առաջարկելով ստեղծել «Էրիվանյան ջրմուղ» ընկերությունը: 12 մեծահարուստ ընդունել են նրա առաջարկը, և սկսվել է ջրմուղի շինարարությունը: 1911թ. Կռբուլաղի (քառասուն աղբյուր) աղբյուրից ջուրը Ճապոնիայից պատվիրված հատուկ խողովակների միջոցով հասել է Երևան, և մինչև օրս էլ Երևանը սնուցվում է այդ աղբյուրից: Միրզոյանի նախագծմամբ են կառուցվել Երևանի մի շարք շինություններ և ճանապարհներ` Պետհամալսարանի հին մասնաշենքը (նախկինում` ուսուցչական սեմինարիա), Բանկի շենքը (այժմյան 2 հիվանդանոցի մասնաշենքը Արամի փողոցում), Առնո Բաբաջանյան համերգասրահի շենքը (նախկինում` արական գիմնազիա), Արքունական պալատի և Նահանգական գանձատան շենքը (Նալբանդյան փողոց, ներկայիս ՎՏԲ բանկի սև շենքը), Նահանգապետարանի շենքը Հանրապետության (Գուբերնսկայա) փողոցում, Տեր-Ավետիքյանների առանձնատունը Մհեր Մկրտչյան փողոցում (կինո «Երևան»-ի շենքի հետնամասում), Արական գիմնազիայի տնօրեն Բրաժնիկովի առանձնատունը, Եկեղեցի Նոր Բայազետում (այժմ` Գավառ), Երևանի Նիկոլաևյան ռուսական եկեղեցին, մի շարք ռուսական եկեղեցիներ ու մզկիթներ Ալեքսանդրապոլում և Երևանում, Գորիսի, Նախիջևանի, Վաղարշապատ-Աշտարակ, Ելենովկա-Նոր Բայազետ ճանապարհները: Մահացել է Երևանում: