Բարսեղ Կորգանով
Ծնվել է Թիֆլիսում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ռեալական դպրոցում: Վեց տարեկան հասակից սկսել է նվագել դաշնամուր, իսկ տասներեքում ձեռք է բերել դաշնակահարի համբավ: Աշակերտել է Է.Էպշտեյնին (դաշնամուր), Կ.Ալիխանովին և Գ.Ղորղանյանին (տեսություն): 1880թ. ավարտել է Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը, աշխատել Սարիղամիշում: 1888թ. վերադարձել է Թիֆլիս: Եղել է նաև երաժշտական հանդեսների թղթակից: Ծավալել է հասարակական, հրապարակախոսական գործունեություն, հանդես եկել տեղական մամուլում, եղել Մոսկվայի և Պետերբուրգի մամուլի խոշոր երաժշտական հանդեսների թղթակիցը: 1896թ. թողել է զինվորական ծառայությունը: 1890-ական թվականներին եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, հանդիպել Յ.Բրամսին, Ժ.Մասնեին, Կ.Սեն-Սանսին, Ջ.Վերդիին: Դեռևս 1888թ. Թիֆլիսում հրատարակել է գրքույկ` նվիրված Բեթհովենի կյանքին ու գործունեությանը (1300 նամակ, երկու գրքով՝ 1900թ. և 1904թ.) Հեղինակել է մեծածավալ մենագրություն («Կենսագրական էտյուդ», 1909թ.) և ճանաչվել է որպես խոշորագույն բեթհովենագետ: 1897թ. գրել է Ջ.Վերդիին նվիրված ակնարկ, իսկ 1900թ.` ծավալուն աշխատություն Մոցարտի մասին: Առաջինն է եղել, որ նկատել է Ֆ.Շալյապինի մեծ տաղանդը և առաջինն է լուսաբանել «Պուշկինը երաժշտության մեջ» թեման: 1891-1901թթ եղել է Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի վարչության անդամ: 1900-ին հիմնել է Անդրկովկասում առաջին ռուսական «Կավկազսկի վեստնիկ» գիտագրական ամսագիրը (հրատարակել և խմբագրել է մինչև 1902թ.): 1900-04թթ եղել է Միջազգային երաժշտական ընկերության կովկասյան բաժանմունքի տնօրենը: 1904թ. Կովկասի երաժշտության մասին ելույթներ է ունեցել Միջազգային երաժշտական ընկերության Բեռլինյան սեկցիայի նիստերին, 1909թ.՝ Վիեննայի կոնգրեսում: 1905թ. Բեռլինում ընտրվել է «Միջազգային երաժշտական ընկերության» կովկասյան ճյուղի վարիչ: 1901թ. հրատարակել է «Կովկասյան երաժշտություն» ժողովածուն, ուր թարգմանությամբ տեղ են գտել Կոմիտասի«Հայկական եկեղեցական երաժշտություն» և «Հայ գեղջկական պարերգեր» աշխատությունները: 1925թ. տեղափոխվել է Երևան և 5 տարի զբաղեցրել Հանրային գրադարանի վարիչի օգնականի պաշտոնը: Եղել է նաև Պետհրատի երաժշտական սեկտորի նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր-կոնսուլտանտ: Մեծ դեր է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական ժառանգության համակարգման գործում: 1934թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: