Zark Foundation

Վավիկ Վարդանյան

Վավիկ Վարդանյան

Դերասան, բեմադրիչ

28 դեկտեմբեր, 1900 - 7 նոյեմբեր, 1967

Անուշավան Վարդանյան
Ծնվել է Ադրբեջանի Ղուբա քաղաքում, ապա տեղափոխվել Դերբենդ: Եղել է դերասանուհի Ռուզան Վարդանյանի եղբայրը: Բեմական գործունեությունն սկսել է 1918թ.` ղեկավարելով Աստրախանի գեղարվեստաթատերական ստուդիան մինչև 1920թ.: 1920-26թթ Ստավրոպոլի հայկական թատրոնում հանդես է եկել իբրև դերասան և ռեժիսոր: 1925թ. ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան, եղել Թիֆլիսի հայկական պետական դրամայի թատրոնի դերասան և ռեժիսոր: 1928թ-ից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) որպես դերասան, 1936թ-ից` նաև ռեժիսոր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), «Պատվի համար» (Սուրեն), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ» (Պավլին), «Հատակում» (Դերասան), Ա.Օսարովսկու «Ամպրոպ» (Բորիս) և այլն: Առաջին իսկ ինքնուրույն բեմադրության մեջ (Ա.Աֆինոգենովի «Հեռավորը», 1936թ.) դրսևորվել են ռեժիսորի արվեստին բնորոշ գծերը` հեղափոխական-հերոսական պաթոսը, սոցիալ-հոգեբանական վերլուծման հակումը: Կատարած այլ բեմադրություններից են` Լ.Ռախմանովի «Անհանգիստ ծերություն» (1938թ.), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (1941թ.), Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (1942թ.), «Ռուսական հարց» (1947թ.), Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1938թ.), Կապլերի ու Զլատոգորովայի «Լենին» (1938թ.) և այլն: 1954-58թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ուր բեմադրել է Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» (1955թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» (1956թ.), Վ․Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր», Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (երկուսն էլ` 1957թ.): 1927թ-ից դասավանդել է Երևանի Գ.Սունդուկայնի անվան թատրոնին կից ստուդիայում, 1944թ-ից` Երևանի թատերական նորաբաց ինստիտուտում (1946թ-ից` պրոֆեսոր), որի հիմնադիրն ու առաջին դիրեկտորն է եղել: Պրոպագանդել է Կ.Ստանիսլավսկու սիստեմը, ռուսական արվեստի լավագույն ավանդույթները: Գրել է հայ և օտար թատրոնի պատմության մասին երկեր: 1951-55թթ եղել է Հայաստանի Գերագույն սովետի նախագահության նախագահի, 1953-54թթ` կուլտուրայի մինիստրի տեղակալ, 1952-55թթ, 1959-65թթ` Հայկական թատերական ընկերության վարչության նախագահը, Հայաստանի 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, պետական պարգևներով: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: