Zark Foundation

Վարազդատ Հարությունյան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

29 նոյեմբեր, 1909 - 20 մարտ, 2008

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, որտեղից Հայոց Մեծ եղեռնի տարիներին ընտանիքի հետ գաղթել է նախ Էջմիածին, հետո` Թիֆլիս: Եղել է դերասան Արծրունի Հարությունյանի եղբայրը: Մեծացել է որբանոցում: Հետագայում Հայաստանում հիմնել է «Վան-Վասպուրական» հայրենակցական միությունը: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը: Եղել է ինստիտուտի ճարտարապետության բաժանմունքի նախաձեռնողներից, 1937թ-ից դասավանդել է ճարտարապետության ամբիոնում, որտեղ 1945-90թթ եղել է ամբիոնի վարիչը (1965թ-ից` պրոֆեսոր): 1945-51թթ ղեկավարել է Հուշարձանների պահպանության կոմիտեն: Եղել է նաև ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի վարչության պետի տեղակալը, 1951-53թթ` ՀՀ ԳԱԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի վարիչը, 1962-74թթ` Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը: Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը: Հեղինակել է 800-ից ավել գիտական հոդվածներ, 3 դասագիրք, հայկական ճարտարապետության մասին 40 գիրք, ինչպես նաև հուշագրություններ 3 հատորի: Եղել է նաև «Հայրենիք-Սփյուռք» մշակութային կապերի նախագահության անդամ, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, 1956թ-ից` Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահը, 1995թ-ից` Վրաստանի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1996թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Արժանացել է բազմաթիվ շքանշանների, Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը, 1961թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1978թ-ից` ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի, 1997թ.` Գրիգոր Լուսավորչի շքանշանի, 1999թ.` ՀՀ Անանիա Շիրակացու մեդալի, 2002թ.` Ա.Թամանյանի անվան ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: