Zark Foundation

Վարազդատ Տերոյան

Վարազդատ Տերոյան

Փիլիսոփա, թարգմանիչ, հրապարակախոս

8 փետրվար, 1887 - 6 փետրվար, 1938

Վարազդատ Դերոյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում։ Եղել է ազգային-ազատագրական շարժման գործիչներ, ՀՅԴ անդամներ Վազգեն (Տիգրան) և Ժենյա (Զարուհի) Տերոյանների կրտսեր եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1905թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Ուսանողական ցույցերին մասնակցելու պատճառով հեռացվել է ճեմարանից։ Վերադարձել է Վան, ուր դասավանդել է «Երամյան» և «Սանդխտյան» դպրոցներում։ Վանեցիները գումար են տրամադրել նրան՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ 1909-12թթ սովորել է Սորբոնի համալսարանի փլիսոփայության ֆակուլտետում։ Ուսանել է նաև Գերմանիայում, Ավստրիայում և Իտալիայում։ Սորբոնի համալսարանում նրա ավարտական թեզը եղել է «La biologie d’ Au Comte» («Օ.Կոնտի կենսաբանությունը»), իսկ Բեռլինում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ստանալու համար պատրաստել է «Die Soziologischen Grundlagen der Erkenntnis» («Իմացության սոցիոլոգիական հիմունքները») թեզը։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18թթ) հնարավորություն չի տվել նրան պաշտպանել դոկտորական թեզը։ 1914թ. վերադարձել է Վան, որտեղ դասավանդել է Կեդրոնական վարժարանում։ Մասնակցել է 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին Վանի Այգեստան թաղամասի ինքնապաշտպանությանը։ Ընդգրկվել է Ա.Մանուկյանի գլխավորությամբ գործող Վանի նահանգապետարանում։ Վանի 1915թ. հուլիսյան նահանջից հետո Բաքվի «Հայոց մարդասիրական ընկերության հանուն Սբ. Գրիգոր Լուսավորչի» հասարակական և բարեգործական կազմակերպության կողմից հրավիրվել է Բաքու՝ դասավանդելու քաղաքի հայկական թաղամասի հայ գաղթական երկսեռ դպրոցում։ Նույն ընկերության կողմից որպես պատգամավոր մասնակցել է 1916թ. մայիսի 10-ից մինչև 13-ը Պետրոգրադում կայացած հայ փախստականներին օժանդակող կազմակերպությունների համագումարին։ 1918թ. դասավանդել է Թիֆլիսի «Գայանյան օրիորդաց դպրոցում», ապա մանկավարժական կոլեկտիվի կողմից ընտրվել է նույն հաստատության տնօրեն։ 1919թ. Երևանում կայացած հայ գաղթականների ներկայացուցչական ժողովի կողմից ընտրվել է Արևմտահայերի 2-րդ համագումարը նախապատրաստող կոմիտեի կազմում, ապա՝ գործադիր կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնում փորձել է հարթել ՀՀ կառավարության և գեներալ Անդրանիկ Օզանյանի միջև ծագած տարաձայնությունները։ 1919թ. ծառայության է անցել Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում (Ամերկոմ), ուր տնօրինել է ուսումնական հաստատությունները, որբանոցները և հիվանդանոցները։ Վիճակագրական տեղեկություններ է հավաքել Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում, Թիֆլիսում և Բաթումում ապաստանած հայ գողթականներից։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Հայաստանի Հեղկոմի կողմից նշանակվել է լիազոր Ամերկոմում։ 1922թ. նշանակվել է Ամերկոմի ուսումնական մասի վարիչ, ապա՝ ուսումնական հաստատությունների վերատեսուչ, որտեղ աշխատել է մինչև կազմակերպության լուծարումը։ 1930-31թթ աշխատել է ՀԽՍՀ Գրապալատում՝ որպես միջազգային գրքափոխանակման բաժնի վարիչ։ 1931թ. նրան՝ որպես «անբարեհույս տարր» ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Հետագայում աշխատանքի է անցել «Նոր ուղի» ամսագրի խմբագրությունում՝ որպես տեխնիկական քարտուղար։ Սակայն հինգ ամիս անց անհիմն ամբաստանությամբ ձերբակալվել է։ 1933թ. բանտարկությունից ազատվելուց հետո աշխատել է Պետական հրատարակչությունում որպես սրբագրիչ և վարել է օտար լեզուների մասնավոր դասեր։ Նրա գիտական ժառանգությունը բավականին հարուստ է, որոնցից հիշատակելի են. «Բերգսոնի էվոլուցիոն թեորիայի»-ի մասին, «Կանտի պրագմատիզմը», «Սոցիոլոգիայի տեղը փիլիսոփայության մեջ», «Սոցիալիզմ և սոցիալիզմ» և այլն։ Թարգմանել է փիլիսոփայության դասականներ Ռենե Դեկարտի «Քննախոսություն մեթոդի մասին» (1968թ.), Կանտ, Հիպպոլի Տեն և այլն։ Թարգմանել է նաև գեղարվեստական գրքեր. Անատոլ Ֆրանսի «Կարմիր շուշանը» (1946թ.), Բլասկո Իբանյեզի «Պիեր դը Լյուն», Հանրի Բարբյուսի «Կրակը» (1935) և այլն։ Խորհրդային իշխանության տարիներին ձերբակալվել է չորս անգամ (1922թ., 1924թ., 1931թ. և 1935թ.) և ամեն անգամ անհեթեթ մեղադրանքներով։ Մահացել է Մարիինսկում, Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Օռլովո-Ռոզովսկյան բաժնի համակենտրոնացման ճամբարում։ 1956թ. հետմահու արդարացվել է: 2006թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը լույս է ընծայել նրա «Գիտական և հրապարակախոսական աշխատություններ» հատորը, իսկ 2010թ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը՝ նրա թարգմանությամբ Էմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն» հիմնարար մենագրությունը։