Ծնվել է 1960թ. օգոստոսի 25-ին, Կամո քաղաքում: 1976թ. ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է նորաձևության քոլեջում: 1982-84թթ սովորել է Երևանի էստրադային արվեստի քոլեջում, 1985-87թթ` Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) Էստրադային արվեստի ստեղծագործական բարձրագույն արվեստանոցում: 15 տարի աշխատել է Հայհամերգ միավորումում` որպես մենակատար-աճպարար, շրջագայել է հյուրախաղերով աշխարհի տարբեր երկրներում` Անգոլա, Կոնգո, Զաիր, Զիմբաբվե, Եթովպիա, Մալթա, Կամերուն, Հնդկաստան, Նեպալ, Աֆղանստան, Հարավսլավիա, Լեհաստան, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Իսրայել, ինչպես նաև Սովետական Միության բոլոր քաղաքներում, Հայաստանի բոլոր մարզերում և գյուղերում: Մասնակցել է աճպարարների տարբեր մրցույթների: 1988թ. Մինվոդիի աճպարարների համամիութենական մրցույթում ստացել է առաջին տեղը և արժանացել բարձր կոչման` մոգության արքա: 1990թ. Մոսկվայի աճպարարների միջազգային մրցույթում, ներկայացնելով հեղինակային էթնիկ աճպարարական համարը, որի մեջ օգտագործվել է հայկական երաժշտություն, հայկական երաժշտական գործիքներ, ընդհանուր մոգության բաժնում արժանացել է բրոնզե մեդալի և ստացել ամենաբարձր կոչումը` միսթր մոգ: 1987թ. աճպարարների առաջին համամիութենական փառատոնին միկրոմագիայի բաժնում արժանացել է լավագույն մասնակից կոչման: 1993-2005թթ բնակվել և ստեղծագործել է Իսրայելում, որտեղ հիմնել է աճպարարների դպրոց: 2000թ. Իսրայելի աճպարարների փառատոնում, որպես աճպարար ուսուցիչ և աճպարարական հնարքների բեմադրող արժանացել է արծաթե կախարդական փայտիկի: Միջազգային մոգերի ընկերության անդամ է: Հանդիսանում է նոր աճպարարական ոճի հեղինակ, որը կոչվում է էթնիկ մեջիք: Հեղինակել է տարբեր աճպարարական հեռուստատեսային շոուներ, համագործակցել է Հայաստանի հանրային և «Արմենիա» հեռուստաընկեությունների հետ` «Կախարդական դղյակ» և «Մեծ հրաշքների փոքր գաղտնիքները» հեռուստանախագծերով: Աճպարարական համարներ է բեմադրել ներկայացումների մեջ` «Դոն Ժուան», «Ջին ջան»: 2010թ. «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող բեմադրության մեջ հադես է եկել իր հեղինակային աշխատանքով` կորիզի միջից բացվող ծիրանի ծառով: Նույն թվականին Հայաստանում հիմնադրել է հայ աճպարաների միությունը, որի նախագահն է: Հեղինակել է 100-ից ավել հնարքներ: Ինքնուս տիրապետում է երաժշտական գործիքների` դուդուկ, ակորդեոն, ինչպես նաև զբաղվել է վոկալով: Ուսումնասիրում է հոգեբանություն, փիլիսոփայություն, տիրապետում է հիպնոսին, հանդես է գալիս բեմական հիպնոսով: