Zark Foundation

Վարդան Արծկեցի

Վարդան Արծկեցի

Մանրանկարիչ, գրիչ

14-րդ դար

Եղել է Վասպարականի մանրանկարչության դպրոցի 14-րդ դարի 1-ին կեսի ներկայացուցիչ։ Ապրել և ստեղծագործել է Արծկե քաղաքում։ Նրանից հայտնի են երկու ձեռագիր ավետարան (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան, 1319թ.)։ 13-րդ դարի հայ մանրանկարչության ընդհանուր ոճի պլաստիկ հնարամիջոցներն ու տեղական դեկորատիվ-հարթապատկերային ձևերը նկարչի մոտ միահյուսվել են բացառիկ դաշնությամբ։ Հայտնի ձևերի հետ նկարիչը ներառել է նույնիսկ մոտիվներ հին հավատալիքներից ու պատկերացումներից, որոնք մեղմում են կրոնական խստակեցությունը, կենդանի հույզ ու շունչ հաղորդում նրա աշխատանքներին։ Գրեթե անթերի է տիրապետել գծանկարին. ամեն մի մանրամասն իր ձևի մեջ նրբագեղ է ու ավարտուն։ Նրա նկարազարդած խորանները՝ հնավանդ կամարաձևերով (մանավանդ համաբարբառի աղյուսակների բացակայությամբ) կրում են դեկորատիվ-զարդային շահեկան բնույթ, հարուստ ու հետաքրքրական են լուսանցազարդերը։ Ընդհանուր առմամբ գծային կուռ ամբողջականությունը, գույների (կապույտի գերակշռումով) նուրբ, երբեմն թափանցիկ ջրաներկային տոների հետ, գեղանկարչական հմայք են հաղորդում նկարչի մանրանկարներին։