Zark Foundation

Վարդան Բաղիշեցի

Վարդան Բաղիշեցի

Պատմաբան, եկեղեցական գործիչ

19 նոյեմբեր, 1640 - 31 մարտ, 1704

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշ գավառի Խողց (Խոց) գյուղաքաղաքում: Եղել է Ամրդոլու վանքի դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչը։ Սովորել է Ամրդոլի վանքում, դարձել վարդապետ և նույն վանքի առաջնորդ (1663թ.)։ Ծավալել է մշակութային և շինարարական աշխույժ գործունեություն։ Մեզ է հասել նրա դիմանկարը, որ նկարել է տվել Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շիրվանցի Շղթայակիրը և պահել մատուռում՝ ի հիշատակ սիրելի ուսուցչի։ 1669-71թթ այցելել է Հայաստանի հոգևոր կենտրոնների դպրոցները։ Եղել է Լիմում ու Տարոնում. այստեղ փակել է Սբ. Առաքելոց վանքի պարտքերը, նորոգել եկեղեցու գմբեթը և վերստին կառուցել Սբ. Ստեփանոսի տաճարը, որ կործանվել էր Լենկթեմուրի արշավանքների հետևանքով։ Նրանից մեզ են հասել Ամրդոլու մատենադարանի ձեռագիր ու տպագիր գրքերի ցուցակը, ապա մի ժամանակագրություն, որն ընդգրկում է 1170-1657թթ Հայաստանի պատմական անցքերի համառոտ շարադրանքը, ինչպես նաև ցանկեր՝ հայ պատմիչների գործերի և օտարազգի պատմիչների հայերեն թարգմանությունների (5-18-րդ դարեր)։ Ցանկերում նշված են նաև այնպիսի պատմիչների անուններ, որոնք թեև հայտնի են, բայց նրանց պատմությունները մեզ չեն հասել: Բաղիշեցու ջանքերով նրանց երկերը ժողովվել են Ամրդոլու վանքում։ Կրթել և ուսուցանել է շատ աշակերտներ, որոնցից նշանավոր են Հովհաննես Կոլոտը, Աբրահամ Քեղեցին և ուրիշներ։ Նրան ներբողել է Գրիգոր Շղթայակիրն իր «Վիպասանութեան» մեջ: Նրան է ձոնվել նաև աշուղական մի երգ՝ «Գովասանք Վարդան վարդապետին Բաղիշեցւոյ, ասացեալ յաշըղներաց» խորագրով։ Մահացել և թաղվել է Ամրդոլու վանքի եկեղեցում (Բաղեշ):