Zark Foundation

Վարդան Բաղիշեցի

Վարդան Բաղիշեցի

Մանրանկարիչ

16-րդ դար

Եղել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ապրել և ստեղծագործել է 16-րդ դարի 2-րդ կեսին, Բաղեշում (Բիթլիս)։ Ձեռագրեր է պատկերազարդել ինքնուրույն և այլ նկարիչների (Սարգիս Խիզանցի և ուրիշներ) հետ։ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է նրա վրձնած վեց ձեռագիր (1569թ. Ժողովածու, 1571թ. և 1578թ. Ավետարաններ, 1576թ. Գանձարան, 1577թ. Մաշտոց, 16-րդ դարի Հայսմավուրք)։ Նրա ծաղկած ձեռագրերում տերունական պատկերների հետ տեղ են գտել նաև քրիստոնեական ավանդույթներին (Գրիգոր Լուսավորչի, Տրդատի ու Սահակի) ու ճանաչողական արժեք ներկայացնող պատմական դեպքերին նվիրված տեսարաններ («Եկեղեցու հիմնարկեք», «Ավարայրի ճակատամարտը»)։ Գույների նախընտրությամբ նա հեռացել է Վասպուրականի մանրանկարչության 14-15-րդ դարերի պայծառ գունահարաբերումներից, նախապատվություն տալով հանգիստ տոներին (հատկապես կապույտ ու նարնջագույն երանգների գերիշխմամբ)։