Zark Foundation

Վարդան Դևրիկյան

Վարդան Դևրիկյան

Լրագրող, գրականագետ

18 մայիս, 1964 - 13 ապրիլ, 2023

Ծնվել է ՀՀ Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում: Եղել է արձակագիր Գևորգ Դևրիկյանի որդին: 1971-81թթ սովորել է Երևանի Ա.Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում, 1981-86թթ՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1986-88թթ ասպիրանտ է եղել նույն ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում: 1988-94թթ պարբերաբար եղել է «Հայ զինվոր» և «Երկիր» թերթերի հատուկ թղթակից Արցախում, 1994թ.՝ Մարտակերտի ռազմաճակատում տեղաբաշխված 5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա։ ՀՀ մամուլում հրատարակել է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված հարյուրավոր հոդվածներ: 1989թ. աշխատանքի է ընդունվել Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: 1996թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ղևոնդ Ալիշանը և հայ հին գրականությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնագիտացել է հայ միջնադարյան գրականության և, հատկապես, հայ միջնադարյան բանաստեղծության ուղղությամբ: Զբաղվել է նաև հայ միջնադարյան գրականության միջազգային կապերով: Գրականության ինստիտուտում նախաձեռնել է «5-18-րդ դարերի հայկական աղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարը, ուր ներկայացվում են հայ միջնադարյան գրականության մեջ եվրոպական տարբեր երկրների մասին հայտնված տեղեկությունները և նկարագրությունները: Պատմամշակութային առումով նման աշխատանքը պատկերում է Եվրոպայի ու եվրոպական տարբեր երկրների կերպարի (իմիջի) հայկական հավաքական ընկալումը: Հեղինակել է ավելի քան 30 գիրք և 50-ից ավելի հոդվածներ, որոնք տպագրվել են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ռումիներեն: 2013թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ միջնադարյան գանձերը և «Գանձարան» ժողովածուն» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1993-2008թթ աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: 1993-99թթ եղել է «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր, 2002-09թթ՝ խմբագիր, 1997-2009թթ՝ նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչը: 2009թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ նախ որպես ավագ գիտաշխատող հայ հին գրականության բաժնում, ապա՝ այդ բաժնի վարիչը, 2009թ-ից՝ որպես ինստիտուտի փոխտնօրեն գիտական գծով: 2015թ. ընտրվել է ինստիտուտի տնօրեն: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Մահացել է Երևանում: