Վարդան Կաֆայեցի
Ծնվել է Կաֆայում (Թեոդոսիա): 1648-80թթ եղել է տեղի Սբ. Աննա վանքի վանահայր։ 1680թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Ղրիմի հայկական թեմի առաջնորդ՝ պաշտոնավարելով մինչև կյանքի վերջը։ Հայտնի են նրա տաղերը, որ հորինել է պատմաքաղաքական շարժառիթներով և նվիրել Ղրիմի զանազան եկեղեցիների ու վանքերի։ Առավել նշանակալից է «Վարդն է բացուեր առաւօտուն գոյնզգոյն» սկսվածքով տաղը, որում զուգորդվել են բնության գովքն ու վայելքի գաղափարը։ Օգտագործել է բանահյուսական ստեղծագործություններին հատուկ պատկերներ ու գեղարվեստական այլ հնարանքներ (ժողովրդական երգի կրկնակ, հայրենի սկսվածք և այլն)։ 1676թ. գրել է մի չափածո տոմար։ Ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր։ Մահացել է Կաֆայում (Թեոդոսիա):