Zark Foundation

Վարդան Հակոբյան

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

21 մայիս, 1948 - 28 փետրվար, 2023

Սլավիկ Հակոբյան
Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկան հասակից: Դպրոցական տարիներին զբաղվել է նաև գեղանկարչությամբ: «Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում ստացել է առաջին մրցանակ: 1969թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցել Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ: 1983թ-ից աշխատել է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար: Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը: Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս» «Պըլը Պուղի» «Հարություն» «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը: Հեղինակել է բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուներ, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում: Հեղինակել է մի շարք պիեսներ` «Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում: Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով: Հեղինակել է Արցախի պետական օրհներգը: 1998թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները») գիտական աստիճան (1998թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ա.Իսահակյանի անվան, ՀՀ նախագահի, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակների: 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ.Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ.Շոլոխովի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2005թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոման: Մահացել է Ստեփանակերտում: