Zark Foundation

Վարդան Հացունի

Վարդան Հացունի

Բանասեր, ազգագրագետ

10 հուլիս, 1870 - 8 հուլիս, 1944

Վարդան Սոմունճյան
Ծնվել է Պարտիզակ (այժմ՝ Թուրքիայի Բահչեջիկ) գյուղում: Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների վանքում, ապա դարձել նույն միաբանության անդամ: Մոտ 40 տարի, որպես ուսուցիչ, տեսուչ աշխատել է Մխիթարյանների վարժարաններում (Վենետիկ, Միլան, Կ.Պոլիս և այլուր): Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ ժողովրդի հին կենցաղին ու սովորույթներին: Լուսաբանել է Հին Հայաստանում երդման առիթները, վայրերը, վկաները, եղանակները և այլն, հետազոտել ուտեստեղենը, վերլուծել Հայաստանի տարբեր դասերի օգտագործած ճաշատեսակները (այդ թվում և հոգևոր ճաշերը): Քննության է առել տարբեր դարաշրջաններում եղած հայկական դրոշները (քաղաքական և եկեղեցական), ճշգրտել Արշակունյաց, Բագրատունյաց, Ոուբինյանների, տարբեր իշխանական տների, զինվորական դրոշների ձևերը, գույները, նշանները և այլն: Ուսումնասիրել է նաև Հին Հայաստանում դաստիարակության, կրթության զարգացումը: Հանգամանորեն վերլուծել է աշխարհիկ և եկեղեցական հանդերձների զարգացումը, որը բաժանում է 11 շրջանի (Ուրարտուից մինչև 18-րդ դար): Անդրադարձել է պատմության մեջ հայ կնոջ խաղացած դերին, լուսաբանել նրա գործունեությունը տարբեր ոլորտներում: Հրատարակվել են նրա «Ճաշեր և խնջույք հին Հայաստանի մեջ» (1912թ., Վենետիկ), «Դաստիարակությունը հին Հայոց քով» (1923թ., Վենետիկ), «Պատմություն հին հայ տարազին» (1924թ., Վենետիկ), «Կարևոր խնդիրներ հայ եկեղեցվո պատմութենեն» (1927թ., Վենետիկ), «Հայ դրոշները պատմության մեջ» (1930թ., Վենետիկ), «Երդմունք հին հայոց մեջ» (1932թ., Վենետիկ), «Ուղղագրութիւն և առոգանութիւն» (1933թ., Վենետիկ), «Հայուհին պատմության առջև» (1936թ., Վենետիկ) աշխատությունները: Մահացել է Վենետիկում: