Ծնվել է Տրապիզոնում: 1894թ. ավարտել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիան և Ղրիմում կատարելագործվել է Հովհաննես Այվազովսկու արվեստանոցում: 1885թ. Տրապիզոնից մեկնել է Բաթում, 1900թ.` Բեռլին և 1904թ. դարձել Բեռլինի արվեստագետների միության անդամ, մասնակցել ցուցահանդեսների: 1908-11թթ ստեղծագործել է Տրապիզոնում: 1911թ. մեկնել է Գերմանիա, 1914թ.` Լոնդոն, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18թթ) հետո հաստատվել Նիսում: Ստեղծել է ծովային տեսարաններ և բնանկարներ` «Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները» և այլն, որոնք աչքի են ընկնում գունալուսային նուրբ հարաբերումներով, ծովի անեզրության, կենսալիության և իրականության ու նյութականի խոր զգացողությամբ: Բնանկարներում արձագանքել է իր ժողովրդի պատմության ողբերական իրադարձություններին: Հովհաննես Այվազովսկուցհետո ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստում: Անհատատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1902թ., 1904թ.), Ալեքսանդրիայում (1904թ.), Մյունխենում, Դյուսելդորֆում, Բեռլինում (1907թ.), Լոնդոնում (1914թ.), Նիսում (1918թ., 1932թ., 1936թ.), Մարսելում (1923թ.), Փարիզում (1925թ.): Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սբ. Էջմիածնի վանքի Վեհարանում, Նիսի գեղարվեստի, Կաունասի Մ.Չյոռլյոնիսի անվան, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1925թ. արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում: