Zark Foundation

Վարդան Մեշտուճյան

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

15 օգոստոս, 1869 - 10 փետրվար, 1942

Վիկտոր Մեշտուճյան
Ծնվել է Բուխարեստում: Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Գևորգ Մեշտուճյանի ղեկավարած հայկական դպրոցում, ապա հոր հետ տեղափոխվել է Կ.Պոլիս: Սովորել, ապա դասավանդել է Կ.Պոլսի Ենի-Գափու թաղամասում՝ հոր բացած «Մեշտուճյան վարժարանում», որտեղ երկար տարիներ եղել է պրոֆեսոր։ 1890-ական թվականների կեսին, հետապնդվելով թուրքական ոստիկանությունից, անցել է Բուլղարիայի Վառնա քաղաք, 1896-97թթ աշխատակցել «Իրավունք» թերթին, իսկ 1898թ. գրող Երուխանի հետ հիմնադրել «Շարժում» թերթը։ Ծավալել է հրապարակախոսական և քաղաքական գործունեություն, եղել Դաշնակցության անդամ: 1899թ. տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ ծավալել է լրագրողական ակտիվ գործունեություն։ 1906թ. հրատարակել է «Աուրորա», 1924-42թթ՝ «Արարատ» ռումիներեն հայագիտական ամսագրերը։ 1913-16թթ եղել է «Համշխարհային գրականություն» ամսագրի տնօրենը: Եղել է 1920թ. Բուխարեստում վերաբացված «Միսաքյան ազգային վարժարան»-ի տնօրենը, Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկված գաղթականների հարցերով զբաղվող «Ռումինիայի հայերի միության» ընդհանուր քարտուղարը, ապա՝ տնօրենը։ 1927թ. Բուխարեստում հիմնադրել է հայկական կենտրոնական գրադարանը: Համագործակցել է «Մասիս», «Փարոս» և «Նոր արշալույս» պարբերականների հետ: Հրապարակել է ռումիներեն «Նախագծեր և ֆիլմեր» (1913թ.) պատմվածքների ժողովածուն, «Ջետտա» (1916թ.) վեպը, «Բուխարեստ-Սահարա» (1913թ.), «Երուսաղեմ» (1914թ.) ուղեգրությունները, «Հայոց պատմություն» (հ.1-2, 1923-26թթ) պատմաքննական երկը։ Ռումիներեն է թարգմանել Հ.Զոհրաբյանի «Հայ եկեղեցու պատմությունը քրիստոնեության մուտքից մինչև մեր օրերը» (1934թ.), «Հայկական պատարագը» (1937թ.), կազմել և թարգմանել «Հայ բանաստեղծների փոքր ժողովածու»-ն (1934թ.)։ Ֆրանսերենից ռումիներեն է թարգմանել Վ.Հյուգոյի «Թշվառները» (1913թ.), Գ.դը Մոպասանի նովելներից։ Մահացել է Բուխարեստում: