Zark Foundation

Վարդան Պետրոսյան

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Ծնվել է 1959թ. փետրվարի 27-ին, Երևանում: Գրականագետ Եղիշե Պետրոսյանի որդին է: 1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի արդյունաբերական դիզայնի բաժինը: 1985թ. վերադարձել է ծառայությունից և ընկերների հետ ստեղծել է «Ոզնի» երգիծական հանդեսին կից «Երիտասարդ ոզնիներ» երգիծական թատերախումբը, որն 1988թ. ստացել է պաշտոնական կարգավիճակ` «Ոզնիներ» թատրոն ստուդիա: 1988-92թթ գրել և բեմադրել է շուրջ կես տասնյակի հասնող ներկայացումներ, որոնք իրենց քաղաքական համարձակությամբ մեծ աղմուկ են բարձրացրել Երևանի թատերական կյանքում: 1990թ. «Ոզնիներ» թատերախմբի հետ առաջին անգամ հյուրախաղով հանդես է եկել Փարիզում` «Հեռուստատեսային կատակներ» ներկայացումով: 1989-97թթ նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում: 1992թ-ից բնակվում է նաև Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում: 1996-97թթ կրկին հանդես է եկել «Ոզնիներ» թատրեախմբի հետ, 1997-2000թթ` դուետներով, որոնցից են` «Հայ եմ ես, հայ ես դու» (Չուկոյի հետ, Լոս Անջելես, 1997թ.), «Մեր մանկության մանգոն» (Արամոյի հետ, Երևան, 1998թ.), «Ծերունին և սովը» (Խորեն Աբրահամյանի հետ, Երևան, 1999թ.): 2000թ-ից հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր` ամփոփված շոուի մեջ: Ներկայացումներից են` «1000 ու մի ելք» (2000թ.), «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Between two mountains» (անգլերեն լեզվով, 2002թ., ԱՄՆ), «One Vartan show» (ֆրանսերեն լեզվով, 2003թ., Փարիզ), «Կրակի մեջ» (2003թ.), «Բենեֆիս 1» (2003թ.), «Ցմահ բանտարկյալները» (2004թ., 2009թ.), «Վերելք» (2005թ., նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին), «Ի՞նչ անել» (2006թ.),«Շնորհավոր նոր տարի կամ Բենեֆիս 2» (2006թ.), «Սեր և ատելություն» (2008թ.), «Օրեր, գույներ, ճակատագիր» (2009թ.), «Խոստովանություն թատրոնում» (2009թ.), «Ճակատագրի կատակներ» (2010թ.), «Սեռասարսափ» (2011թ.), «Պարոնայք 50-50» (2012թ.): Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Կանադա, Բելգիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Կիպրոս և այլուր: Հեղինակել է բազմաթիվ թատերական ձևավորումներ, մասնակցել ցուցահանդեսների Երևանում և Մոսկվայում: 2009թ. Երևանում հանդես է եկել իր նոր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Նվագում է բազմաթիվ երաժշտական գործիքներ` դաշնամուր, կիթառ, բաս, շեփոր, շրթհարմոն, շվիկ: 2012թ. հրատարակել է «Օրեր, գույներ, ճակատագիր» խորագրով ինքնակենսագրականը, որտեղ ներկայացված է հեղինակի գեղանկարչական աշխատանքներն ու բանաստեղծությունները: 2013թ. հոկտեմբերի 20-ին դերասանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու երիտասարդ մահացել է և դերասանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման: 2017թ. ազատ է արձակվել և մեկնել Փարիզ։ 2018թ. բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին: