Zark Foundation

Վարդան

Վարդան

Մանրանկարիչ

13-րդ դար

1251թ. Հռոմկլայում պատկերազարդել է Սարգիս գրչի ընդօրինակած ավետարանը (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ Ձեռագիրը գրված է մագաղաթի վրա (բոլորգիր), ունի 411 թերթ։ Ձեռագրում պատկերել է 11 խորան, չորս ավետարանիչների պատկերներ՝ համապատասխան անվանաթերթերով, և բազմաթիվ լուսանցազարդեր։ Ավետարանի սկզբում Եվսեբիոսի նամակի զույգ խորաններն են, գլխազարդերի կամարների տակ՝ Եվսեբիոսի և Կարպիանոսի դիմապատկերները։ Վերջին երկու խորաններում ոսկի խորքի վրա կապույտ ներկով գրված է Վարդանի ուղերձ հիշատակարանը «զՎարդան արա յիշման արժանի» վերջաբանով։ Ընդհանուր առմամբ խորաններն ունեն գունավառ և հստակ դեկորատիվ հարդարանք։ Ավետարանիչների պատկերները նկարված են կանոնական ձևերով և նմանություն ունեն Հռոմկլայում 1249թ. Կիրակոս ծաղկողի նկարազարդած ձեռագրի մանրանկարների հետ։ Անվանաթերթերի հարդարանքում ևս նկարիչը հավատարիմ է կիլիկյան մանրանկարչության ավանդներին։ Նրա արվեստին բնորոշ են զարդաձևերի կուռ մշակումը, հորինվածքի միասնականությունը, գունաշարի բազմերանգությունը։