Ծնվել է Թուրքիայի Իգդիր քաղաքում: Եղել է արձակագիր, պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի որդին: Սովորել է տեղի ռուսական գիմնազիայում: 1908թ. ավարտել է Երևանի պետական գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության բաժին: Նրա առաջին պատմվածքները լույս են տեսել ուսանողական տարիներին, Մոսկվայում: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ) ժամանակ կամավորագրվել է Անդրանիկի գումարտակին՝ թարգմանիչ-գրագրի պարտականություններով: Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս: Կազմակերպել է հանգանակություն՝ դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը, իսկ անկումից հետո մեկնել է Փարիզ՝ հոր մոտ, 1923թ.՝ ԱՄՆ: ԱՄՆ-ում զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով: 1946-51թթ հրատարակել է հոր գործերի 10 հատորյակը: Հրատարակվել են նաև նրա «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» (1936թ.), «Րաֆֆի. Կյանքը» (1963թ.), «Անդրանիկ: Մարդը և ռազմիկը» (1957թ.) գրքերը: 1948-58թթ աշխատել է Նյու Յորքի Սբ. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում: Վաշինգտոնում բացել է «Ահարոնյան» դպրոցը, կազմել հայերենի «Հրազդան» դասագիրքը: 1964թ. այցելել է Հայաստան: Մահացել է Վաշինգտոնում: