Zark Foundation

Վարդգես Միքայելյան

Վարդգես Միքայելյան

Պատմաբան

5 դեկտեմբեր, 1924 - 31 մարտ, 2005

Ծնվել է Հայաստանի Ղազանչի գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1941թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Հայաստանի Քեֆլի և Քոռաղբյուր գյուղերում։ 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծառայել է խորհրդային բանակում՝ սևծովյան նավատորմում (այդտեղից էլ հայտնի նրա «Մարյակ» մականունը)։ 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան, որն ավարտել է 1955թ. և անմիջապես պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Գյուղացիության դրությունը և գյուղացիական ելույթները Հայաստանում 1918-1920թթ» թեմայով (առանձին գրքով հրատարակվել է 1960թ.)։ 1955-59թթ աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում։ 1959-72թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1972թ-ից՝ ՀՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նրա պատմագիտական ուսումնասիրություններն ընդգրկում են Հայաստանի գյուղացիության դրության և պայքարի հարցեր, հայ-ռուսական հարաբերությունների, հայերի արտագաղթերի և հայկական առանձին գաղութների պատմության, նշանավոր գործիչների կյանքի ու գործունեության լուսաբանում և այլն։ 1964թ. լույս է տեսել նրա «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» առաջին գիրքը։ Այն ներառում է այդ պատմության միջնադարյան շրջանը և ավարտվում 1778թ. ռուսական կառավարության կողմից ղրիմահայերի տեղահանությամբ։ Հետագայում հրատարակվել են նրա «Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801-1917)» (1970թ.), «На крымской земле» (1974թ.), «Ղրիմահայոց պատմություն» (1989թ.), «История крымских армян» (2004թ.) աշխատությունները: Իր խմբագրած «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի 1978թ. 5-րդ համարում տպագրել է «Об очередных «размышлениях» З. М. Буниятова» վերնագրով հոդված-գրախոսությունը (հեղինակներ՝ Ա.Ղանալանյան, Լ.Խաչիկյան, Ա.Տեր-Ղևոնդյան), որտեղ քննադատության է ենթարկել ազերի պատմաբան Զ.Բունիաթովի հակահայկական ու հակագիտական գործունեությունը։ 1988թ. մարտի 2-ին Երևան եկած ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Ա.Լուկյանովին և Վ.Դոլգիխին հանձնված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գիտական միակ փաստաթուղթը նրա գրած հիմնավոր տեղեկանքն էր։ Պատմագիտական այս փաստաթուղթը «Некоторые вопросы истории Нагорного Карабаха» վերնագրով և մասնակի լրացումներով (Լ.Խուրշուդյանի հեղինակակցությամբ) լույս է տեսել «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի 1988թ. 4-րդ համարում։ Հետագա տարիներին պատմաբանը Արցախի հարցի վերաբերյալ բազում հոդվածներ է տպագրել հանրապետության սփյուռքահայ և օտարալեզու մի շարք պարբերականներում։ 1989թ. մեկնել է Բոնն` գերմանական արխիվներում հայկական ցեղասպանության մասին նյութերի ուսումնասիրման համար: Գերմաներենի իմացությունը նրան հնարավորություն է տվել կարճ ժամանակամիջոցում ժողովել ավելի քան 3500 արխիվային միկրոկադրեր, որից 1000-ից ավելին տեղ են գտել 1995թ. նրա կազմած «Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919). Материалы Политического архива м-ва иностр. дел Кайзеровской Германии» վերնագրով ժողովածուում՝ առաջաբանով, ներածությամբ և հմուտ ծանոթագրություններով։ Փաստաթղթերի մեծածավալ այս հավաքածուն լրացնում է Յ.Լեփսիուսի 1919թ. Պոտսդամում հրատարակած Թուրքիայում Հայոց ցեղասպանության (1915թ.) վերաբերյալ «Deutschland und Armenien, 1914-1918. ammlung diplomatischer Aktenstücke» փաստաթղթերի ժողովածուն։ 1980-ական թվականներից տասնյակ հոդվածներ է հրապարակել, գրքեր հրատարակել, ժողովածուներ կազմել հայերի ցեղասպանության մասին, այն ժխտողների ու կեղծարարների դեմ։ 1991թ. հրատարակել է «Генрих Фирбюхер. Армения, 1915. Уничтожение Турцией культурного народа», 1997թ.՝ «Գերմանացի դիվանագետները հայոց ինքնապաշտպանական մարտերի մասին (1915)» գրքերը և այլն։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ հրատարակել է «Почему и как российские евреи принимали христианство по армянскому обряду (1910-1915гг.). Документы и материалы ЦГИА России. Подборка» ժողովածուն։ 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր)։ 1988թ-ից եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, 1996թ-ից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1999թ-ից՝ «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիրը։ 1989-90թթ հիմնադրել և խմբագրել է «Գոյամարտ» շաբաթաթերթը։ Եղել է գիտական մի շարք խորհուրդների անդամ, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի» ստեղծման գործում, եղել է կազմկոմիտեի անդամ, իսկ հետագայում՝ գիտաճյուղային խորհրդի անդամ։ Մահացել է Երևանում: