Zark Foundation

Վարդգես Պետրոսյան

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

9 օգոստոս, 1932 - 14 ապրիլ, 1994

Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: 1954թ. ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-55թթ աշխատել է Նոր Բայազետի (այժմ` Գավառ) շրջանային թերթում` որպես պատասխանատու քարտուղար, 1955-57թթ` «Սովետական Հայաստան» օրաթերթում` որպես գրական աշխատող, 1957-61թթ` «Ավանգարդ» թերթում` որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ: 1961-66թթ եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-75թթ՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1975-81թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը, 1981-88թթ՝ նախագահը, 1976թ-ից՝ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղարը, 1988-94թթ` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահը, 1994թ.` «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիրը։ Գրականություն է մտել բանաստեղծություններով («Բալլադ մարդու մասին», 1958թ.), այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970թ.), «Վերջին ուսուցիչը» (1980թ.) վիպակները և այլ գործեր։ Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված նրա «Հայկական էսքիզներ» (1969թ., 1984թ., Բեյրութ՝ 1983թ.) էսսեն։ Գրողի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը («Քաղաքի կիսաբաց լուսամուտները», 1964թ., «Դեղատուն «Անի», 1973թ. և այլն)։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված նրա «Մենավոր ընկուզենին» (1981թ.) վեպը։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977թ.) գրքում։ Բեմադրվել է նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975թ.) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979թ.), «Հայկական էսքիզներ» (1980թ.), «Ապրած և չապրած տարիներ» (1982թ.) գործերը։ Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնը 1985թ. բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: Հրատարակվել են նաև նրա «Վերջին գիշերը» (1959թ.), «Անավարտ դիմանկարներ» (1963թ.), «Վերածնունդ» (ժողովածուում տեղ են գտել «Մեհրաբի աղբյուրը» և «Կոմբայնավարը այնպես, ինչպես որ կա» գործերը, 1977թ.), «Ընտիր երկեր» (2 հատոր, 1983թ.), «Կրակե շապիկ» (1986թ.), «Չորս վիպակ» (1990թ.) և այլ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, լատիշերեն, բուլղարերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, ուկրաիներեն, վրացերեն և այլ լեզուներով: 1975-85թթ եղել է ՀԽՍՀ, 1984-89թթ` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների, 1990-94թթ` ՀՀ ԱԺ պատգամավոր: 1982թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: 1969թ. արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության («Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի համար), 1979թ.՝ ՀՀ Պետական մրցանակի («Վերջին ուսուցիչը» վիպակի համար)։ Սպանվել է Երևանի սեփական բնակարանի շքամուտքի մոտ, թաղված է Աշտարակում: 2000թ. Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է Վարդգես Պետրոսյանի անունով, գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006թ. (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան):