Zark Foundation

Վարդգես Սուրենյանց

Վարդգես Սուրենյանց

Գեղանկարիչ

27 փետրվար, 1860 - 6 ապրիլ, 1921

Ծնվել է Ախալցխայում: 1868թ. տեղափոխվել է Սիմֆերոպոլ: 1870-75թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1875-78թթ` գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1879թ.` Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության, 1880-85թթ` գեղանկարչության բաժիններում: 1881թ. ճամփորդել է Իտալիայում: Եղել է Սբ. Ղազար կղզիում, ուսումնասիրել է հայ գրչարվեստը և մանրանկարչությունը: 1885-87թթ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ շրջագայել է Պարսկաստանի Թավրիզ, Թեհրան, Շիրազ և Մազանդարան քաղաքներում: Մի քանի ամիս եղել է Սպահանում, ստեղծել մի շարք կտավներ արևելյան թեմաներով: 1890-91թթ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն: Էջմիածնում ընդօրինակել է Մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ: 1892թ-ից մասնակցել է Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական և մշակութային կյանքին, նաև նկարիչների մոսկովյան, Լեոնարդո դա Վինչիի, Կուինջիի անվան ընկերությունների ցուցահանդեսներին: Մտերիմ է եղել ռուս նշանավոր արվեստագետների հետ: Այդ շրջանում եղել է Անիում, Սևանում և այլուր, ծանոթացել պատմական հուշարձաններին, Էջմիածնի մատենադարանում հայկական նկարազարդ ձեռագրերին: 1897-98թթ ճամփորդել է Ֆրանսիայում և Իսպանիայում, ստեղծել գեղարվեստական հրաշալի էտյուդներ` «Մզկիթի բակը Ալհամբրայում», «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» և այլն: 1890-ականներին ստեղծել է Հայաստանի պատմությունն ու ներկան, 19-րդ դարի հայ ազգային գեղարվեստական-գաղափարական մտածելակերպն արտացոլող կտավներ: 1905-15թթ բնակվել է Սանկտ Պետերբուրգում: 1915թ. մեկնել է Թիֆլիս և Էջմիածին, ստեղծել է փախստական-գաղթականների բազմաթիվ էտյուդ-դիմանկարներ: 1916թ. Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հիմնադրել է հայ արվեստագետների միությունը: Ստեղծել է հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք` «Ոտնահարված սրբություն», «Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ», «Կանանց ելքը Անիի եկեղեցուց», «Մկրտիչ Խրիմյան», «Սալոմե», «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը» և այլն: Ներկայացել է որպես պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության և արվեստի տեսաբան: Մշակել է հայ ճարտարապետական կոթողները վերականգնելու մեթոդները: 1912թ. «Սալոմե» կտավը ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված և Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում և Երևանում: Նրա «Աստվածամայրը գահի վրա» նկարը գտնվում է Էջմիածնի Մայր տաճարում: Մահացել է Յալթայում: