Ծնվել է 1953թ. հունիսի 24-ին, Ստամբուլում։ Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլում։ 1969թ. տեղափոխվել է ԱՄՆ: Սովորել է Քալիֆորնիայի Արվեստի համալսարանում, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Հեղինակել է ավելի քան 500 կտավ։ 1974թ-ից ԱՄՆ-ում մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրվել է նաև Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում: 1979թ. ցուցադրվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Ստամբուլում, Ուոթերթաունում, Փարիզում, Քեմբրիջում: Ամերիկայի հայկական թանգարանում բացվել է նրա «Գյուղացիները հողին դեմ հանդիման» անհատական ցուցահանդեսը: Ցուցադրված կտավներում արտահայտվել է հայ ժողովրդի ողբերգական անցյալը։ Նկարչուհին համարձակ վրձնահարվածներով կիրառել է վառ գույների հանդուգն համադրություն։ Նրա համար գույնն այն հիմնական միջոցն է, որով նա հասնում է ինքնարտահայտման։ Ստեղծագործել է արվեստի վերացական ուղղությամբ։ Նրա գործերում գերակշիռ տեղ է գրավում հայկական թեմատիկան։ Կտավներից հորդող ջերմությունն արտացոլում է նկարչուհու հուզական աշխարհը: Ստեղծագործություններից գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Ֆլորիդայի կենտրոնական համալսարանի գեղարվեստի քոլեջում, մասնավոր հավաքածուներում: