Ծնվել է 1971թ. նոյեմբերի 20-ին, Երևանում: 1986-90թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Վլադիմիր Խաչատրյանի դասարանում: 1990-95թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Մարիաննա Հարությունյանի դասարանում: 1995-97թթ եղել է երգչուհի, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի աշակերտը: 1996թ. դեբյուտային ելույթով հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայում կատարելով Փառանձեմի դերերգը: 1997-2004թթ նույն թատրոնում կատարել է մի շարք դերերգեր հետևյալ օպերաներում` Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Պոլինա), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), Բելլինիի «Նորմա» (Ադալգիսա): Հանդես է եկել նաև Ջ.Վերդիի «Աիդա» օպերայում: 1999թ. Լոս Անջելեսում ներկայացել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների: Եղել է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, որոնց թվում է նաև 2001թ. Աթենքում տեղի ունեցած Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթը, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են Իսպանիայի «Festival Castell de Peralada», Իտալիայի «Musicastello» և «Festival Euro Mediterraneo», Ֆրանսիայի «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» և «Festival d’Ambronay» և այլն: Երգել է այնպիսի աշխարհահռչակ երգիչների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալիեն, Խոսե Կուրան, Անգելա Ջորջուն և այլք: Հանդես է եկել աշխարհի հեղինակավոր սրահներում` Լոնդոնի Ռոյալ Ալբերտը, Փարիզի Salle Gaveau-ն, Ժնևի Վիկտորիան, Մոնթրյոի Ստրավիսնկին, Մոսկվայի Մեծ թատրոնը և այլն: Նրա կատարումները հեռարձակվել են տարբեր երկրների ռադիոյի և հեռուստաալիքներով, այդ թվում նաև դասական երաժշտության հանրահայտ ֆրանսիական «Մեցցո» հեռուստաալիքով և գերմանական «Կլասսիկ» հեռուստածրագրով: Թողարկել է մի քանի ձայնասկավառակ: 2013թ. բեմել է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող Մարիա Կալասին նվիրված հոբելյանական համերգներին և փառատոներին: