Zark Foundation

Վարդուհի Մինասյան

Վարդուհի Մինասյան

Դիրիժոր, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր

Ծնվել է 1969թ. մարտի 25-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանը: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (Ալեքսանդր Յոլչյանի և Ռոզա Թանդիլյանի ղեկավարությամբ), միաժամանակ՝ դիրիժորական բաժինները (Յուրի Դավթյանի դասարան), այնուհետև սովորել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Զուգահեռաբար աշակերտել է Արթուր Ադամյանին (երգեհոն) և պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանին (կոմպոզիցիա): Ավարտելուց հետո կոնսերվատորիայում աշխատել է որպես դասախոս: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես դիրիժորի ասիստենտ, ապա դիրիժոր, նաև դաշնակահար: Ղեկավարել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումը, 2005-07թթ՝ Պ.Չայկովսկու և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների մանկապատանեկան կոլեկտիվները, Երևանի մենակատարների սիմֆոնիկ նվագախումը: 1997-98թթ եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ, 1998թ-ից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ) դիրիժորի ասիստենտ: 1998-15թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի բաժնում: 2015թ ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտի գիտական կոչում: Իբրև դիրիժորի ասիստենտ և դաշնակահար-կոնցերտմայստեր մասնակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնած օպերային ներկայացումների համերգային ցուցադրմանը և օրատորիալ գործերի կատարմանը: Պատրաստել է տարբեր դերերգեր հայազգի և օտարերկրացի օպերային երգիչների հետ: Որպես դիրիժոր և դաշնակահար, ակտիվ մասնակցություն ունի ՀԱՖՆ Նոր կամերատա անսամբլի գործունեության մեջ: