Ծնվել է 1955թ. մարտի 19-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: Ուսմանը զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում: 1975թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին` Հենրիկ Մալյանի արվեստանոց: 1979-81թթ խաղացել է Երևանի Երիտասարդական փորձարարական թատրոնում: 1980թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոնում` որպես դերասանուհի: Եղել է թատրոնի հիմնադիրներից: 1988թ-ից թատրոնը անվանվել է հիմնադիր Հենրիկ Մալյանի անունով, որտեղ 2001թ-ից հանդիսանում է տնօրենը և դերասանուհի: 1980-90թթ զբաղված է եղել թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումներում, մասնակցել է բազմաթիվ թատերական փառատոների և հյուրախաղերի Հայաստանում և արտերկրում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում, խաղացել է հեռուստաթատրոնի բազմաթիվ ներկայացումներում և ռադիոբեմադրություններում: 2005թ. նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Ռ.Գետիկյանի «Ճանապարհորդություն Հայաստանով» ֆիլմում: 2005թ-ից նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք հեռուստասերիալներում` «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները ընտանիքում», «Որոգայթ», «Հաջողակը», «Լիալուսին» և այլն: Վարել է «Առավոտը Շանթում» հաղորդման խոհանոցի հատվածը: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: