Zark Foundation

Վարդ Արսլան

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

3 հոկտեմբեր, 1899 - 10 հուլիս, 1968

Էդոարդո Արսլան
Ծնվել է Իտալիայի Պադուա քաղաքում: Եղել է բժիշկ Երվանդ Արսլանի որդին։ Սովորել է Պադուայի համալսարանում։ Արվեստի պատմություն է դասավանդել Բոլոնիայի և Պադուայի համալսարաններում։ Եղել է Բոլցանոյի թանգարանի տնօրենը, 1939-42թթ՝ Կալյարիի, 1942թ-ից՝ Պավիայի համալսարանների միջնադարյան և արդի արվեստների պատմության ամբիոնի վարիչը։ Նրա աշխատությունները վերաբերում են նկարիչներ Ջ.Բասսանոյին, Ս.Ռիչչիին, Ֆ.Գուարդիին, 6-11-րդ դարերի արվեստի պատմությանը, Պավիայի «Չերտոզա» թանգարանի քանդակների ուսումնասիրությանը։ 1954թ. հրապարակված «Ճարտարապետությունը 568-ից 1000-ը» աշխատությունում, օգտվելով պատմական աղբյուրներից, ապացուցել է Կ.Պոլսի կայսերական պալատի Նեա եկեղեցու (9-րդ դար) երբեմնի գոյությունը, ցույց է տվել նրա և բյուզանդական գմբեթավոր քառաբսիդ-քառամույթ եկեղեցիների տիպաբանական կապը Բագարանի (7-րդ դար) կաթողիկեի հետ։ Հաստատել է, որ վերջինս, որպես նախատիպ, Բյուզանդիայի միջոցով (Աթոսի «Մեծ Լավրա») փոխանցվել է Եվրոպայի մի շարք երկրներ։ Մահացել է Միլանում: