Zark Foundation

Վարուժան Խտշյան

Վարուժան Խտշյան

Բեմադրիչ, դերասան

7 ապրիլ, 1937 - 28 դեկտեմբեր, 2015

Ծնվել է Բեյրութում: 16 տարեկան հասակում սկսել է առաջին թատերական քայլերը Ժորժ Սարգիսյանի հետ: 1963թ. ավարտել է Բեյրութի համալսարանի պատմության բաժինը, 1965թ՝ Լոնդոնի արվեստների թագավորական ակադեմիայի թատերական բարձրագույն դպրոցը: 1965թ-ից աշխատել է «Լևոն Շանթ» թատերախմբում, ապա շուրջ 20 տարի ղեկավարել իր ստեղծած «Թատրոն-67»-ը, «Գասպար Իփեկյան», 1996-99թթ՝ մանկական թատերախմբերը: Բեմադրել է մի շարք պիեսներ՝ Լ.Շանթի «Կայսր», «Հին աստվածներ», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Հ.Իբսենի «Մեծ վարպետ Սոլնես», Ֆ.Դյուրենմաթի «Մեծն Ռոմուլ», Հ.Օշականի «Երկնքի ճամփով» և այլն: Հայաստանում բեմադրել է Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ» (1979թ.), Հ.Պարոնյանի «Ալաֆրանկա» (1980թ.), Է.Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1982թ.), Համաստեղի «Հայաստանի լեռներու սրնգահարը» (1983թ.) պիեսները: 1971-99թթ դասավանդել է Բեյրութի համալսարանում: Նկարահանվել է «Ձորի Միրոն» (1980թ., «Հայֆիլմ») ֆիլմում: 1987թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» շքանշանին, 2000թ.՝ Մեծի Տանն Կիլիկիո «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2004թ.՝ Լիբանանի համալսարանի գեղարվեստի բարձրագույն շքանշանի, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայ առաքելական եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանի։ Մահացել է Բեյրութում: