Ծնվել է 1968թ. նոյեմբերի 28-ին, Երևանում: Դերասան Արծրուն Մանուկյանի որդին է, դերասանուհի Նարինե Ալեքսանյանի ամուսինը: 1986թ. ավարտել է Երևանի Գայի անվան միջնակարգ դպրոցը: 1986-92թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1992-94թթ աշխատել է «Մետրո» թատրոնում, որտեղ խաղացել է «Եվ երկնքից երեք աթոռ ընկավ», «Տերն ու ծառան» ներկայացումներում: 1998թ. խաղացել է Ք.Մանարյանի «Ոսկեջրած ձկնիկը» ներկայացման մեջ: 1996-98թթ աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Ալամբուչիկ», «Մի անգամ» ծրագրերում, 2000-03թթ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ եղել է «Սրճարան` առաջին ալիք» ծրագրի հաղորդավարն ու դերասանը: 2001թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Ժ.Անանյանի «Մեր տան տերերը» (Ոստիկան), «Տե'ր, մի թող մեզ անտեր» (Վարոս), Գ.Խանջյանի «Ինձնից պրծում չկա» (Ջոն), «Էսպես մինչև երբ» (Երաժիշտ), Ա.Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» (Բալզումինով), Ա.Չեխովի «Արջ, առաջարկություն» (Իվան Վասիլևիչ), Ժ.Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշները» (Թոթոլ), Մ.Կոմուլետի «Սիրային իրարանցում» (Ռոբերտ), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Փայլակ), «Ատամնաբույժն արևելյան» (Լևոն), Բ.Բրեխտի «Ինչ այն զինվորը, ինչ այս» (Գելի Գեյ), Մոլիերի «Չամուսնանաք պարոնայք... եթե կարող եք» (Իմաստուն), Ժ.Անույի «Շրջազգեստով գեներալները» (Դատապաշտպան), Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Մատուցող), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ռասիդաս), Ֆ.Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Զոլոտնիկով), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Միկլե) ներկայացումներում: 2003-07թթ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Մի կաթիլ մեղր» հումորային ծրագրում, 2007-08թթ` «Հայ TV» հեռուստաընկերության «Իմ տունը քո տունը չէ» սերիալում: 2009թ-ից աշխատel է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում` որպես «Բարի լույս, Հայաստան» ծրագրի հաղորդավար և «Իրական պատմություններ» հումորային ծրագրի դերասան: Նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Կորցված և գտնված Հայաստանում» (2010թ.), «Հրաձիգ 4» (2015թ.) ֆիլմերում: 2008թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում: 2012թ-ից աշխատում է նաև դերասան Նարեկ Դուրյանի հետ` «Շերշե լա ֆամ» ներկայացման մեջ: 2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: