Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Ղաչաղան գյուղում (այժմ` Արևածագ): 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1971-74թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես արվեստի բաժնի խմբագիր: 1967թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Հեղինակ է տասնյակ հոդվածների և երկու գրքի` «Մինասի վերադարձը» (նոթագրություններ, 1992թ.) և «Կեղտոտ սենյակ» (բանաստեղծությունների ժողովածու, 1994թ.): Նկարչի գործերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում` Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլն: Նրա բազմաժանր արվեստին բնորոշ են արդի աշխարհի արտացոլումները: Աշխատանքներից են` «Ռուզանը» (1978թ.), «Բնանկար» (1983թ.), «Ինքնանկար» (1985թ.), «Մուշ» (1986թ.), «Իրիկնային էլէգիա» (1989թ.), «Հորինվածք» (1988-89թթ), «Հայկական ռեքվիեմ» (1977թ.), «Խաչելություն» (1990-2000թթ), «Պոետի մահը» (1996թ.), «Ամառ» (2002թ.), «Մարիամ Աստվածածին» (2005թ.), «Հեծյալներ» (2006թ.) և այլն: Նկարահանվել է կինոյում` «Չեզոք իրավիճակ» (1978թ.), «Հետգրություն» (1993թ.): 1975թ. եղել է «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի բեմադրող-նկարիչը (Մինաս Ավետիսյանի հետ): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1976թ., 1994թ., 2001թ., 2011թ. հետմահու), Մոսկվայում (1987թ.): 1975թ. արժանացել է Հայաստանի երիտասարդ նկարիչների տարվա լավագույն նկարի, 1978թ.` Կոմերիտմիության, 1987թ.` ԹՄՄ «Վարդգես և Ռիտա Պալյաններ», 1997թ.` «Թեքեյան» մշակութային միության մրցանակնրին, 2010թ.` «Հովհաննես Թումանյանի հետնորդ», 2003թ.` Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: