Zark Foundation

Վարսենիկ Աղասյան

Վարսենիկ Աղասյան

Բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ

15 հուլիս, 1898 - 17 հոկտեմբեր, 1974

Ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) գյուղում։ 1905թ. ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ Ավարտել է Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերության միջնակարգ դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ., «Պատանի» հանդեսում։ 1928-29թթ աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, հետագայում՝ Բաքվի ռադիոկոմիտեում որպես ասմունքող-հաղորդավար։ Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1926թ., 1947թ., 1948թ., 1959թ.), «Օրերի երգը» (1933թ.), «Մայրական հույզեր» (1937թ.), «Երջանիկ մանկություն» (1938թ.), «Ծիտիկի խինդը» (1940թ.), «Տոնածառ» (1941թ.), «Գարուն» (1952թ.), «Հատընտիր» (1955թ.), «Ժպիտներ» (1957թ.), «Նվեր երեխաններին» (1958թ.), «Լիրիկա» (1964թ.), «Մայրամուտի շողերով» (1971թ.) և այլ գրքեր: Ռուսերենից թարգմանել է Մեհտի Սեիզադեի «Նարգիզ» (պոեմ, 1935թ.), Ալեքսեյ Տոլոստոյի «Առյուծը, ձուկն ու մարդը» (ռուսական ժողովրդական հեքիաթ, 1941թ.), «Ծիլի-վիլի» (1941թ.), Ջ.Գյոզալովի «Գյուլլու թեյը» (պատմվածք, 1941թ.), Սերգեյ Միխալկովի «Կոլյա Կուզնեցով» (1941թ.), Նիզամի Գյանջևիի «Իսկյանդարն ու հովիվը» (1941թ.), Ի.Նազարովի «Լյուբա Կուզնեցովա» (1941թ.), Յ.Տայցի «Խորանարդիկներ» (1941թ.), Կ.Ուշինսկու «Կատվի մայրական սերը» (1941թ.), «Արջն ու շունը» (ռուսական հեքիաթ, 1944թ.) և այլ երկեր, Նիկոլայ Նեկրասովի բանաստեղծություններից: 1934թ-ից եղել է հայաստանի գրողների միության անդամ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բաքվի, Ստեփանակերտի և Գանձակի թատրոնները բեմադրել են նրա «Փոթորկված անտառը» դրաման։ Մահացել է Երևանում։