Ծնվել է 1980թ. մարտի 16-ին, Երևանում։ Դաշնակահար Վահագն Հայրապետյանի կինն է: 2002թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2005թ.՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 2007թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ 2010թ. ելույթ է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ: Նույն թվականից հանդես է գալիս «Ակուստիկ գույներ» ջազային քառյակում: Համերգներով շրջագայել է Կոլումբիայում (2009թ.), Կիպրոսում (2010թ.), Գերմանիայում (2013թ.) և այլուր։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս), «Դոն Կարլոս» (Էբոլի), «Տրուբադուր» (Ազուչենա), «Ռիգոլետտո» (Մադալենա), «Ռեքվիեմ», Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Ք.Սեն-Սասի «Սամսոն և Դալիլա» (Դալիլա), Պ.Մասկանիի «Կավալերիա Ռուստիկանա» (Լոլա), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն» (Լյուբաշա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), «Պիկովայա դամա» (Պոլինա), Մ.Մուսորգսկու «Խովանշչինա» (Մարֆա), «Բորիս Գոդունով» (Մարինա Մնիշեկ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ), Ջ.Բ.Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» և այլն: Մասնակցել է Մոսկվայի «Ֆեստոս» երիտասարդական (2003թ.), «Մոսկովյան աշուն» (2005թ.), Երևանի «Մեկ ազգ, մեկ արվեստ» (2006թ.) և այլ փառատոների: