Zark Foundation

Վեհիկ Տեր-Գրիգորյան

Վեհիկ Տեր-Գրիգորյան

Գեղանկարչուհի

29 ապրիլ, 1902 - 9 մարտ, 1965

Ծնվել է Ախալցխայում: Մասնագիտական կրթությունն ստացել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում` ուսանելով Ե.Լանսերեի և Եղիշե Թադևոսյանի արվեստանոցներում և ավարտել 1930թ.: Ստեղծագործություններում ներկայացրել է կովկասյան կյանքն իր բնորոշ կողմերով, նիստուկացով, յուրահատուկ քնարականությամբ պատկերելով հեզաճկուն կանանց` իրենց հագուստներով ու արդուզարդով: Նուրբ ու թրթռացող վրձնահարվածներով, հագեցած ու ներդաշնակ գունաշարով նա կերտել է բանաստեղծական մի աշխարհ: Ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն տեսարաններ, գրաֆիկական գործեր ու էքսլիբրիսներ: Հատկապես ուշագրավ են դիմանկարները, որոնք աչքի են ընկնում կերպարների յուրօրինակ բացահայտումներով և լի են անկեղծությամբ` «Էմիլի դիմանկարը» (1947թ.), «Բայրոնի դիմանկարը» (1965թ.), «Ջեմմայի դիմանկարը» (1958թ.), «Սայաթ-Նովայի դիմանկարը» (1962թ.), «Տատա Սողոմոնյանի դիմանկարը» (1955թ.) և այլն: Հետպատերազմյան տարիներին նրա արվեստը թեմատիկ փոփոխություններ է կրել` ենթարկվելով սովետական գաղափարախոսությանը, սակայն ընդհանուր առմամբ պահպանել է իր նրբագեղ լիրիկական ոճը: 1945թ տեղափոխվել է Երևան: 1956թ. Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես: Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: 1945-60թթ գծանկար է դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում է պահվում նկարչուհու շուրջ 70 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք` «Կովկասյան պար» (1945թ.), «Մտորում» (1940թ.), «Ինքնադիմանկար գլխարկով» (1947թ.), «Բերրիություն» (1944թ.) և այլն: Ուշագրավ են նաև հեղինակի գրաֆիկական թերթեր, որոնք «Սասունցի Դավիթ» էպոսի (1947թ.), հեքիաթների ջրաներկ նկարազարդումներ են ու կոմպոզիցիոն գործեր: 1935թ-ից մասնակցել է Թիֆլիսում, Երևանում, Մոսկվայում կազմակերպված հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1965թ. Երևանում բացվել է նրա հետմահու անհատական ցուցահանդեսը: Մահացել է Երևանում: