Ծնվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունն սկսել է Զուբալովի անվան Ժողտանը: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան` Արշակ Բուրջալյանի ղեկավարությամբ: 1924-25թթ եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1926-27թթ` Լենինականի (այժմ` Վ.Աճեմյանի անվան դրամատիկական), 1928-88թթ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնների դերասանուհի: Խաղացել է ավելի քան 300 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել, Էփեմիա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Ռոզալիա), «Մորգանի խնամին» (Մագթաղինե), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Գալչիխա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա, Բիանկա) և այլն: 1935թ. նկարահանվել է «Պեպո» ֆիլմում: 1964թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: